Մատչելիության հղումներ

Freedom House-ը հարցականի տակ է դնում Հայաստանում սահմանադրական հանրաքվեի մասնակցության աստիճանը


Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որն ուսումնասիրում է աշխարհում ազատության խնդիրները, մտահգություն է հայտնել Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման վերաբերյալ եւ հարցականի տակ է դրել հանրաքվեի արդյունքները:

«Հայաստանի առաջնային խնդիրներից մեկը օրենսդրության ճշգրիտ կիրառումն է», - «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում հաղորդեց կազմակերպության կովկասյան հարցերով բաժնի ղեկավար Քրիս Ուոքերը:

Մեկնաբանելով կազմակերպության՝ երկուշաբթի հրապարակված հերթական ամենամյա զեկույցը, որում Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» երկրների շարքում, Ուոքերը նշեց 2005 թվականի հիմնական բացթողումները, որոնցից առաջինը, ըստ Freedom House-ի պաշտոնյայի, սահմանադրական հանրաքվեի անցկացումն էր:

«Մենք բազմաթիվ մտահոգություններ ունենք նոյեմբերին Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Ինչպես այլ կազմակերպություններ, մենք եւս հարցականի տակ ենք դնում մասնակցության աստիճանը, ինչը զարմանալի էր այն անտարբերության պայմաններում, որ այսօր հատուկ է Հայաստանի հասարակությանը», - հայտարարեց Քրիս Ուոքերը:

Այս տարվա զեկույցում եւս Հայաստանի դատական եւ հակակոռուպցիոն մարմինների աշխատանքը գնահատվել է «մասամբ ազատ», եւ, Freedom House-ի պաշտոնյայի խոսքերով, Հայաստանի իշխանություններն այս առումով դեռ շատ անելիքներ ունեն. - «Այսօր տնտեսական կոռուպցիայի դեմ պայքարը իշխանությունների առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից է»:

Մամուլի ազատության մասին Freedom House-ը ծավալուն զեկույց կհրապարակի առաջիկայում, իսկ մինչ այդ, խոսելով Հայաստանի լրատվամիջոցների մասին, Քրիս Ուոքերը նշեց. - «Մեզ մտահոգում է, թե ինչպես են Ազգային հեռուստատեսությունը եւ ռադիոն ներկայացնում տեսակետների բազմազանությունը: Բաց քննարկումները շատ կարեւոր են, քանի որ հնարավորություն են տալիս բարեփոխել պետական քաղաքականությունը»:

2005 թվականի ձեռքբերումների շարքում Քրիս Ուոքերը առանձնացրեց Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության բարեփոխումները:

«Այժմ Հայաստանի իշխանությունները պետք է գործի դնեն այս փաստաթղթերը՝ երկրում առաջընթաց ապահովելու եւ հասարակության մեջ արմատացած անտարբերությունը կրճատելու համար», - եզրափակեց Freedom House կազմակերպության կովկասյան հարցերով բաժնի ղեկավար Քրիս Ուոքերը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG