Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Ռոբերտ Քոչարյանին, որը բովանդակում է 21 հարց, երկուշաբթի օրը երկրորդ անգամ տարվեց նախագահի նստավայր՝ այս անգամ արդեն Հայաստանի շուրջ 2600 քաղաքացիների ստորագրությամբ:

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի նամակի հարցերի պատասխանները այժմ Ռոբերտ Քոչարյանից ակնկալում են ստանալ նաեւ երկրի մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչներ Սիլվա Կապուտիկյանը, Գոհար Գասպարյանը, Օհան Դուրյանը, Երվանդ Մանարյանը, Խորեն Պալյանը, հանրահայտ այլ մտավորականներ:

Այս անգամ նամակը նախագահի աշխատակազմի նամակների բաժին հանձնեցին Րաֆֆի Հովհաննիսյանի ստեղծած «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ներկայացուցիչները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գլխավոր փորձագետ Ստեփան Սաֆարյանը, ի պատասխան հարցին, թե արդյո՞ք հույս ունեն, որ այս անգամ նամակը պատասխանի կարժանանա՝ հաշվի առնելով, որ նախորդ անգամ նախագահի մամլո խոսնակը այն «անհեթեթություն» էր որակել, պատասխանեց. - «Եթե 2500-ից ավելի քաղաքացիների նամակները անհեթեթություն են, ապա չեմ կարծում, որ դա այդ մտավորականների եւ քաղաքացիների խնդիրն է»:

«Իրենք տարբերակ չունեն [չպատասխանելու] այն կտրվածքով, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքի համաձայն, նրանք պարտավոր են 15-օրյա ժամկետում պատասխանել քաղաքացիների դիմումներին», - շարունակեց Սաֆարյանը:

«Եթե նույն նամակն է, ապա ես չեմ գտնում, որ դա այնպիսի մի լուրջ բան է, որ ես պետք է կրկին մեկնաբանեմ. մեկ անգամ արդեն ասվել է», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG