Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են բանակցությունները գազի սակագնի շուրջ


Այսօր Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչապետերի հանդիպումն ավարտվել է առանց որեւէ կոնկրետ համաձայնության: Միխայիլ Ֆրադկովը եւ Յուրի Եխանուրովը այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել գազի գնի հարցում: Բանակցությունները շարունակելու հերթն այժմ տնտեսվարող սուբյեկտներինն է:

«Մենք լսեցինք նրանց մտահոգությունները», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ռուսական պատվիրակության անդամներից մեկը: - «Ուկրաինացիներն ասում էին, թե պատրաստ չեն այդքան վճարել: Սակայն մենք ոչինչ անել չենք կարող. Ռուսաստանը չի վաճառելու գազն այն գնով, որով ուզում է Ուկրաինան»:

Ի դեպ, օրերս, ելույթ ունենալով Միացյալ Նահանգներում, Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին եւս մեկ անգամ պնդել էր պաշտոնական Թբիլիսիի տեսակետը, թե այս քայլը քաղաքական ենթատեքստ ունի եւ ուղղված է հատկապես «հեղափոխական դաշնակիցների»` Ուկրաինայի ու Վրաստանի դեմ: Ըստ Բեժուաշվիլիի, Ուկրաինան եւ Վրաստանը մտադիր են միասնական ճակատ ստեղծել` էներգետիկ անկախություն ստանալու եւ Ռուսաստանի ճնշումներից խուսափելու համար:

«Մենք խորհրդակցել ենք ուկրաինացիների հետ, եւ սա մեր միասնական տեսակետն է: Եթե սա է մեր անկախության գինը, ապա մենք պատրաստ ենք վճարել այդ գինը: Բայց մենք պետք է միասնական լինենք: Մեր ուղերձը Վաշինգտոնին, Սպիտակ տանը, ինչպես նաեւ մյուս պետական կառույցներին հետեւյալն է՝ մենք պետք է շատ հստակ ռազմավարություն մշակենք, քանի որ սա միայն Վրաստանի խնդիրը չէ»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG