Մատչելիության հղումներ

Սեւծովյան բանկի հաջորդ նիստը կանցնի Բաքվում


Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի հաջորդ՝ 8-րդ տարեկան նիստը կայանալու է 2006 թվականի հունիսի 11-ին կազմակերպությունում ներկայումս նախագահող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, այդ կապակցությամբ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել նիստը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով կազմկոմիտե ստեղծելու մասին: Կազմկոմիտեն ղեկավարելու է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը:

Հաղորդվում է նաեւ, որ Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի տարեկան ժողովի շրջանակներում Բաքվում հունիսի 12-ին կայանալու է սեւծովյան գործարար համաժողով:

Մասնակցելու է արդյո՞ք Հայաստանը Բաքվում կայանալիք տարածաշրջանային այս կազմակերպության տարեկան ժողովին՝ առայժմ հայտնի չէ:

Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի կառավարիչների 7-րդ տարեկան համաժողովը կայացել էր այս տարվա հունիսին Երեւանում, որին Ադրբեջանի պատվիրակությունը չէր մասնակցել։ Այս տարի բանկի խորհրդում նախագահողը Հայաստանն է, իսկ կառավարիչը՝ ի պաշտոնե Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։

Ավելի քան 1 միլիարդ 400 միլիոն դոլար կապիտալ ունեցող այս բանկը հիմնվել է սեւծովյան ավազանի 11 անդամ երկրների ներդրումների հաշվին՝ 1998 թվականին: Բանկը տեղակայված է Սալոնիկում, իսկ նախագահը Թուրքիայի ներկայացուցիչն է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG