Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը երկրորդ անգամ կտարվի նախագահի նստավայր


Հայաստանյան միացյալ ընդդիմության այսօրվա հանրահավաքում, որն անցավ տեղատարափ անձրեւի տակ, հայտարարվեց, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Ռոբերտ Քոչարյանին երկուշաբթի օրը կրկին տարվելու է նախագահի նստավայր:

Ռոբերտ Քոչարյանին ուղղված 21 հարց պարունակող այդ նամակը, որ անարձագանք էր մնացել, երբ անցած շաբաթ հանրահավաքում հրապարակվելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից անձամբ տարվել էր նախագահի նստավայր, այս շաբաթվա ընթացքում ստորագրել են երկրում հեղինակություն վայելով մի քանի տասնյակ գործիչներ, ինչ էլ հույս է ներշնչում, որ այս անգամ նամակը կարող է արժանանալ պատասխանի:

Իսկ նամակում շարադրված սուր հարցերի շարքում էին, օրինակ, հետեւյալները՝ «Պատերազմի ճակատային գործողություններից դուրս մարդ սպանե՞լ եք, կամ պատճառե՞լ եք մարդու սպանություն, կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք մարդու սպանության մասին, կամ ներկա եղե՞լ եք մարդու սպանության», «Դուք Ձեզ համարու՞մ եք ազնվորեն ընտրված», «Դուք համարու՞մ եք, որ Ձեր անձնական օրինակով եւ քաղաքական գործունեությամբ նպաստել եք ազատ, անկախ, ժողովրդավարական, քաղաքացու իրավունքի վրա խարսխված հասարակարգի կայացման»:

Անցած երկուշաբթի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանը չի պատասխանելու նամակին: «Դա անհեթեթություն է, դա նամակ չէ, եւ, բնականաբար, նման անհեթեթ թղթերի նախագահը չի պատասխանում», - ասել էր խոսնակը:

«Սա մեր հայրենիքն է, մեր սրբավայրն է, մեր ապագան, եւ ոչ մեկը կեղծիքի, ստի, ստրկամտության հոմանիշի այն չի վերածելու», - այսօրվա հանրահավաքի իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ եզրափակելով. - «Չկա հարց առանց պատասխանի, չկա կեղծիք, որ չիմացվի, չկա պսակ առանց պայքարի»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը իր ելույթում մեկ անգամ եւս հայտարարեց, թե «հեղափոխությունը մեր երկրում այլընտրանք չունի»:

«Այս հանրաքվեն ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններով կամ հանրաքվեով, էվոլյուցիոն ճանապարհով լուծումներ գոյություն չունեն», - ասաց նա: - «Հանրաքվեն ապացուցեց, որ այս երկրում քաղաքացիական հասարակարգ կառուցելու համար, երկիրը հայրենիք դարձնելու համար կա մի ճանապարհ՝ այդ ճանապարհը հեղափոխությունն է»:

Քանի որ սա 2005 թվականի վերջին հանրահավաքն էր, բոլոր ելույթ ունեցողները հանրահավաքականներին (որոնց թիվը նախորդների համեմատությամբ ակնհայտորեն նվազել էր) մաղթեցին բարի Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Իսկ 2006 թվականի առաջին հանրահավաքը նշանակվեց հունվարի 27-ին:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG