Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր ընդդիմությունը կհրավիրի իր այս տարվա վերջին հանրահավաքը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ողջ հունվար ամսվա ընթացքում ընդդիմությունը կզբաղվի կազմակերպչական հարցերով՝ հանրապետության բոլոր բնակավայրերում ձեւավորելով շարժման սկզբնական կոմիտեներ, հրավիրելով մի քանի խորհրդաժողով: Իսկ արդեն հունվարի 20-ից ընդդիմությունը կվերսկսի հանրահավաքների իր շարքը, որոնք, ըստ միացյալ ընդդիմության, արդեն կկրեն կազմակերպված համազգային շարժման բնույթ: Իսկ Ստեփան Դեմիրճյանի անգլիական տարբերակով հեռացումը, ըստ էության, հրապարակային քաղաքականությունից շատ ավելի մեծ փորձառություն ունեցող քաղաքական գործիչները համարում են նրա կիսակայացած քաղաքական կարիերայի վերջակետը»:

«Ընդդիմությունը այնքան Փարաքարը չփակեց, մինչեւ Փարաքարը բնական ճանապարհով փակվեց», - հետհանրաքվեական մառախլապատ օրերին երեւանցիների կատակն է հիշեցնում «Այբ-Ֆե»-ն՝ շարունակելով. - «Իսկ կատակելու առիթ առանձնապես չկա. կատակում են մարդիկ, ում աչքի առաջ կեղծվել է հերթական քվեարկությունը. կատարվել է հերթական հանցագործությունը, բայց նույն այդ մարդիկ, տներում նստած ընդդիմությունից իշխանափոխություն են սպասում: Ընդդիմադիր գործիչներն էլ իրենց ուղղված մեղադրանքները մեծ հաջողությամբ կարող են ուղղել այն հասարակությանը, որը փոփոխություն երազում է, բայց չի պայքարում կամ պայքարում է՝ փոքր խմբերով՝ բուզանդցիներ, կոնդեցիներ, դալմայի այգիներ, խաբված ավանդատուներ, գործազուրկ օդաչուներ, ամիսներով աշխատավարձ չստացած նաիրիտցիներ, խաղաղ պայմաններում զոհվածների ծնողներ, թոշակ չստացող ազատամարտիկներ, ԲՈՒՀ-երի վարձավճարներից դժգոհող ուսանողներ, տոնավաճառների աշխատողներ եւ այլն: Սրանք պայքարում են առավելագույնը 100 հոգանոց խմբերով, բայց բոլորը դժգոհում են երկրում տիրող անարդարությունից: Այդպես արդարություն չեն հաստատում, ժողովրդավարություն չեն կառուցում»:

«Հայոց աշխարհ»-ը հարց է տալիս Գալուստ Սահակյանին՝ ընդդիմությանն ի վերջո կհաջողվի՞ սպասված զանգվածը հավաքել: Գալուստ Սահակյանը պատասխանում է. - «Չեմ կարծում։ Եթե դիմությունն էլ ընդդիմությանը միանա, դա էլ ընդդիմության ցանկալի արդյունքը չի տա։ Մարդիկ այլեւս հանրահավաքներով իրենց խնդիրների լուծումը չեն տեսնում։ Դրա պահանջարկը չկա։ Ժողովուրդն ուզում է լավ ապրել, վստահ լինել իր երեխաների վաղվա օրվա համար։ Այսինքն՝ ոչ թե հեղափոխական ցնցումների ճանապարհով գնալ, այլ որ իրենց կյանքում, կենցաղում, թեկուզ քայլ առ քայլ, բայց առաջընթաց արձանագրվի։ Ընդդիմությունն այս պահանջարկը պիտի ձեւակերպի եւ ներկայացնի մասնավորապես խորհրդարանում։ Բայց նրանք ոչ թե ժողովրդի, այլ սեփական պրոբլեմներն են ավելի շատ շեշտադրում»։

Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը «Առավոտ»-ում կարծիք է հայտնում. - «Եթե հասարակության 85 տոկոսը բոյկոտել է հանրաքվեն, ինչը քաղաքացիական անհնազանդության դրսեւորման ձեւ է, միեւնույն ժամանակ պասիվ է ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու իմաստով, նշանակում է ընդդիմության առջեւ որակապես նոր մոտեցումների պահանջ է դնում... Բոլոր դեպքերում համոզված եղեք, որ 2003-ից սկսված դեմոկրատական հեղափոխությունն անպայման հաղթանակելու է, որովհետեւ Հայաստանը Արմենբաշի պահելու ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ռեսուրսներ չունի»:

«Ավստրիական ավիաուղիներ» ընկերության համար ուղեւորի բեռը կորցնելը ավանդույթ է, քանի որ կորցրած ուղեբեռը ո’չ գտնվել է 10 օրվա մեջ, եւ ո’չ էլ ուղեւորին ընկերությունը պատասխան է տվել», - գրում է «Իրավունք»-ը՝ շարունակելով. - «Իսկ ուղեւորը ոչ ավել ոչ պակաս, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն է: Այս տեղեկատվությունը փորձեցինք ճշտել անձամբ տիկին Ալավերդյանից. «Այո, իսկապես դեկտեմբերի 5-ին «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության Պրահա - Երեւան (Մյունխենով) չվերթով ժամանեցի Երեւան, եւ պարզվեց, որ իմ ուղեբեռը չկա»: Արդյոք մարդու իրավունքների պաշտպանը իր խնդիրը կլուծի դատական կարգով: Ի պատասխան մեր այս հարցին Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ես իմ բողոքը եւ պահանջը ներկայացրել եմ «Ավստրիական ավիաուղիներին» եւ Հայաստանում այդ ընկերության ներկայացուցչությանը: Մինչ այժմ պատասխան չեմ ստացել»: «Այլ կերպ ասած, «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության «բացառիկ լավ» աշխատանքի արդյունքում մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է լինելու պաշտպանել իր իրավունքները», - եզրափակում է «Իրավունք»-ը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG