Մատչելիության հղումներ

Ստամբուլում սկսվում է Օրհան Փամուկի դատավարությունը


Այսօր Ստամբուլում սկսվում է աշխարհահռչակ գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկի դատավարությունը: Նա մեղադրվում է «թուրք ժողովրդին եւ Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ: Այս տարվա փետրվարին շվեյցարական թերթերից մեկի հարցազրույցում Փամուկը հայտարարել էր, որ Թուրքիայում 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ է սպանվել:

«Փամուկի դատավարությունը լակմուսի թուղթ է, որ կերեւակի Թուրքիայի հավատարմությունը խոսքի ազատությանը: Թուրքիան պետք է վերանայի ազատորեն իրենց կարծիքն արտահայտած մարդկանց ձերբակալություներն ու դատավարությունները», - հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը եւ ավելացրել. - «Սա ոչ միան լրագրողների ու գրողների, այլեւ ընդհանրապես Թուրքիայի խնդիրն է, եւ շատ կարեւոր է, որ Թուրքիան լուծի այդ խնդիրը կարճ ժամանակում»:

Թուրքիայում եւ դրա սահմաններից դուրս լայն ճանաչում ստացած գրողը, ով այս տարի ներկայացվել էր Նոբելյան մրցանակի, վերջերս հայտարարել էր, թե «չի հրաժարվում իր դիրքորոշումից եւ պաշտպանում է ասած յուրաքանչյուր բառը»:

«Այն, ինչ կատարվել է Օսմանյան կայսրությունում, միայն հայերի ցավը չէ, եւ յուրաքանչյուր ոք պիտի կարողանա ասել՝ ինչ մտածում է: Մոտ 1 միլիոն հայերի եւ 30 հազար քրդերի սպանությունները հարցեր են, որոնց մասին մենք, որպես կանոն, Թուրքիայում չենք խոսում: Սակայն, մենք պետք է բաց քննարկման առարկա դարձնենք այն, ինչ կատարվել է հայերի հետ Օսմանյան կայսրությունում», - հայտարարել էր Օրհան Փամուկը:

Այս շաբաթ ամերիկյան «Նյու Յորքեր» ամսագրի հարցազրույցում Փամուկը հույս էր հատնել, թե այսօր սկսվելիք դատավարությունը ազատազրկմամբ չի ավարտվելու: Նրա լավատեսությունը կիսում է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ով անցյալ շաբաթ Ավստրալիայում նշել էր, թե «շատ լավ կլինի, եթե Փամուկը արդարացվի, սակայն ամեն ինչ, բնականաբար, որոշելու է դատարանը»:

Իսկ Օլի Ռենը երեկ հայտարարել էր. - «Դեկտեմբերի 16-ին Ստամբուլի դատարանում Թուրքիան, այլ ոչ թե Փամուկն է դատվելու»:



Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG