Մատչելիության հղումներ

Պուտին-Քոչարյան հանդիպում՝ կհաջողվի արդո՞ք լուծել գազի սակագնի հարցը


Սոչիում այսօր կայանալու է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Ակնկալվում է, որ օրակարգի հիմնական հարցը լինելու է Հայաստանին մատակարարվող բնական գազի սակագինը. գուցե Մոսկվան գթասրտություն ցուցաբերի եւ, այնուամենայնիվ, բացառություն անի իր ամենահավատարիմ դաշնակիցներից մեկի համար:

Անցած շաբաթասկզբին Հայաստան այցելած Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը ոչ մի հույս չտվեց Հայաստանի ղեկավարներին. - «Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները մնում են եւ շարունակելու են զարգանալ, ինչը չի բացառում առանձին տնտեսական հարցերի, ներառյալ՝ գազի սակագնի բարձրացման համաձայնեցում»:

Իսկ չորեքշաբթի օրը Իրանի գազային պետական ընկերության գործադիր տնօրեն Մոհամմեդ Մալաքին հանդիսավոր կերպով հայտարարեց, թե «իրանական գազի արտահանումը Հայաստան կսկսվի 2007 թվականին»:

Սկզբում Իրանը Հայաստանին կմատակարարի տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազ, եւ ինչպես հաղորդել է Իրանի գազի ընկերության ղեկավարը, գազի արտահանման ծավալը աստիճանաբար կաճի եւ կհասնի տարեկան 2 միլիարդ խորանարդ մետրի: Հայաստանը դրա դիմաց Իրան է մատակարարելու էլեկտրաէներգիա:

Գործարքը կարող է հնարավորություն տալ Հայաստանի կառավարությանը 2007 թվականին կայունացնել գազի սակագները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնական գազի գլխավոր եւ միակ մատակարար Ռուսաստանը՝ օգտվելով հայկական շուկայում մենաշնորհային դիրքից, անընդհատ բարձրացնում է գները:

«Հայաստանի դիվանագիտության լուրջ հաջողություններից էր Իրան-Հայաստան գազատարի նախագիծը, այսինքն՝ էներգետիկ անվտանգության առումով Հայաստանը 2007 թվականից գտնվելու է բոլորովին այլ մակարդակի վրա», - համոզված է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը:

Չորեքշաբթի Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հաստատել է օրինա գիծ, որով հանվել են «Գազպրոմ» ընկերության արժեթղթերի գնման բոլոր սահմանափակումները: Արժեթղթեր գնած արեւմտյան ներդրողները պահանջելու են «Գազպրոմ»-ից վերացնել բոլոր դոտացիոն գները եւ բնական գազը վաճառել արեւմտյան շուկաների սակագներով (220 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց):

Մյուս տարվանից Ռուսաստանը պատրաստվում է Հայաստան մատակարարվող գազի սակագինը կրկնապատկել եւ հասցնել 110 դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց: Փոխնախարար Գագիկ Վարդանյանը նույնպես կանխատեսում է ռուսական գազի հետագա թանկացում. - «Փաստ է, որ Եվրոպան ռուսական գազի համար մի քանի անգամ թանկ է վճարում, քան ԱՊՀ երկրները, եւ Ռուսաստանը կարող է ավելի բարձրացնել գազի սակագինը ԱՊՀ երկրների համար»:

Նշենք, որ Թուրքիայի համար «Գազպրոմ»-ը ոչ թե թանկացրել, այլ իջեցրել է գազի սակագինը. 2003 թվականին ռուսաստանյան ընկերությունը՝ տեղի տալով թուրքական կառավարության բողոքներին, 1000 խորանարդ մետր գազի գինը 100 դոլարից իջեցրել էր 70 դոլարի:

Եթե նախագահ Ռոբերտ Քոչարյանին չհաջողվի տարհամոզել Վլադիմիր Պուտինին, ապա հաջորդ տարվա հունվարի 1-ից «Գազպրոմ»-ը կկրկնապատկի գազի գինը Հայաստանում, եւ այդ դեպքում Հայաստան վաճառվող գազի գինը 50 տոկոսով ավելին կլինի Թուրքիային մատակարարվող գազի սակագնից:



Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG