Մատչելիության հղումներ

Միջնորդները «խոստումնալի» են համարում բանակցությունների ներկայիս փուլը


Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում ընդգծեցին, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների այս փուլը խոստումնալի է, եւ «2006-ին, ավելի քան երբեւէ, մեծ հնարավորություն կա սկզբունքային հարցերում համաձայնություն ձեռք բերելու եւ որոշակի արդյունքների հասնելու համար»:

Ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի փոխանցմամբ, դեռեւս Լյուբլյանայում երկու երկրների արտգործնախարարներին ներկայացված առաջարկներում շարադրված են եղել սկզբունքային հարցերը: Թե ինչ առաջարկներ կամ քանիսն են եղել՝ համանախագահները չասացին, թեեւ երկու օր առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե նոր առաջարկներ չկան՝ «պարզապես պետք է հիմք ընդունվեն պրահայի գործընթացի շրջանակներում մշակված 9 բաղկացուցիչները»:

Այսօր համանախագահները տեղեկացրին, որ երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի ավելի լայն շրջանակ, եւ հանդիպումից հետո իրենք «ավելի քան երբեւէ վստահ են, որ պրոցեսը ճիշտ ուղղությամբ է ընթանում»:

Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեյի խոսքով, խնդիրը կարգավորելու համար «ոսկե հնարավորություն» ունեն կողմերը. այդպիսի շանս տրված էր նաեւ 2001-ին՝ փարիզյան բանակցություններից հետո, բայց այն ժամանակ կողմերը չկարողացան օգտվել ընձեռված հնարավորությունից: Բայց այս անգամ «հուսադրող է այն հանգամանքը, որ ե’ւ Հայաստանը, ե’ւ Ադրբեջանը ձգտում են եւ ցանկություն ունեն համաձայնության գալ»:

«Եվ եթե, այդուամենայնիվ, այս անգամ բաց թողնեն ոսկե հնարավորությունը, ապա երկար ժամանակ կպահանջվի ինչ-որ արդյունքի հասնելու համար», - ավելացրեց ֆրանսիացի համանախագահը՝ շեշտելով, որ «հատկապես խոստումնալի այս փուլում անհրաժեշտ է ամենայն խստությամբ պահպանել հրադադարը»:

Մինչդեռ երեկ համանախագահների հետ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանն ընդգծել էր, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղը անմիջական մասնակցություն ունենա բանակցություններին: Ըստ Արկադի Ղուկասյանի, բանակցությունների ընթացքում, ինչպես նաեւ համանախագահների առաջարկներում մի շարք հարցեր դուրս են մնացել:

«Ադրբեջանի հետ Ղարաբաղը շատ ավելի բազմաթիվ հարցեր ունի, քան Հայաստանը», - ասել էր Լեռնային Ղարաբաղի նախագահը: - «Եթե Ադրբեջանի իրոք պատրաստվում է կարգավորել հարցը, ինչո՞ւ չի խոսում
Ղարաբաղի հետ»:

Հարցին, թե Լեռնային Ղարաբաղը երբվանից անմիջական մասնակցություն կունենա բանակցային գործընթացին, ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը պատասխանեց. - «Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ կգա այդ ժամանակը: Իսկ թե կոնկրետ երբ՝ դա ոչ թե համանախագահների, այլ հենց կողմերի որոշումից է կախված»:

Համանախագահների այցը ընդհանուր առմամբ դրական գնահատեց այսօր ասուլիս հրավիրած Վարդան Օսկանյանը:

«Դրական տեղաշարժեր եղել են: Եթե տենդենցը շարունակվի՝ 2006-ի սկզբնական հատվածում հնարավոր է ակնկալել, որ վերջիվերջո ինչ-որ փաստաթուղթ ծնվի», - ասաց Հայաստանի արտգործնախարարը՝ շեշտելով, որ «շատ բան կախված կլինի նախագահների հաջորդ հանդիպումից»:

Ինչ վերաբերվում է բանակցությունների գաղտնիությանը, Վարդան Օսկանյանը ասաց, որ, ի վերջո, հասարակական քննարկման անհրաժեշտութուն լինելու է:

«Ես կարծում եմ, որ հասարակական քննարկման այս հարցը պետք է դրվի: Դեռեւս չենք հասել այդ իրավիճակին: Միգուցե նախագահների հաջորդ հանդիպումից հետո», - ասաց Օսկանյանը: - «Ես կարծում եմ, թե նախագահը ինքը պետք է որոշի, թե այդ բեկումնային պահը եկե՞լ է, թե՞ չէ, բավարար առաջընթաց արձանագրվե՞լ է, որ պրոցեսը անշրջելի է արդեն եւ կարելի է որոշ հարցերի շուրջ հրապարակային քննարկում ունենալ»:


Կարինե Քալանթարյան եւ Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG