Մատչելիության հղումներ

logo-print

Բնակչության աճը Հայաստանում 1990-2004 թվականներին կազմել է մինուս 1,1 տոկոս


ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) այս տարվա զեկույցը Հայաստանում դրական տեղաշարժերի առումով հուսադրող չէ: Համաձայն զեկույցի, Հայաստանը զարգացող երկրների շարքում է: Նույն բնորոշումն ունեն Ադրբեջանը, Վրաստանը, Կոնգոն, Գվինեա Բիսաուն, Արգենտինան, Հնդկաստանը, Քուվեյթը, Ղրղըզստանը, Անգոլան:

Հայաստանի համար ամենամտահոգիչ տվյալը, ըստ զեկույցի, ժողովրդագրական ցուցանիշներն են: Հանրապետությունում 2004 թվականի տվյալներով, մինչեւ 18 տարեկան միայն 852 հազար մարդ է բնակվում, մինչեւ մեկ տարեկան՝ 164 հազար:

Ամենամտահոգիչ տվյալը հետեւյալն է. 1990-2004 թվականներին բնակչության տարեկան աճը կազմել է մինուս 1,1 տոկոս: Հայաստանից ցածր ցուցանիշ այս առումով ունեն Վրաստանը՝ մինուս 1,4, եւ Էստոնիան՝ մինուս 1,2 տոկոս:

Ադրբեջանում, մինչդեռ, 1,1 տոկոս աճ է գրանցվել, Իրանում՝ 1,4 , Թուրքիայում՝ 1,7 տոկոս: Ընդհանրապես մոտ 200 պետություններից միայն 15 երկրներում է բնակչության աճի տեմպերի նվազում նշվում (հիմնականում մինուս 0,1- 0,4 տոկոսի սահմաններում):

Ռուսաստանում, որտեղ մեծ ահազանգ է բարձրացվել, ու զանգվածային լրատվամիջոցները տարբեր քաղաքական գործիչների ու սոցիալական խնդիրներով զբաղվողների հետ բարձրացնում են հարցը, բնակչությունը նվազում է 0,2 տոկոսով, մինչդեռ Հայաստանի մինուս 1,1 տոկոսն առայժմ լուրջ քննարկման նյութ չի դարձել:

Ավելորդ չէ նշել, որ 1970-1990 թվականներին Հայաստանի բնակչությունը տարեկան 1,7 տոկոս աճ էր գրանցում:

Մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության տվյալներով, ինչը համարվում է տվյալ պետությունում երեխաների վիճակի ամենաճշգրիտ ցուցիչը, Հայաստանը 2004 թվականի տվյալներով 90-րդ տեղն է զբաղեցնում՝ Թուրքիայի ու Դոնիմիկյան Հանրապետության հետ միասին՝ յուրաքանչյուր 1000 ծնունդին 32 մահացություն:

Մեր անմիջական հարեւան երկրներում՝ Վրաստանում ու Ադրբեջանում իրավիճակը նույն թվականին ավելի վատ է եղել: Ադրբեջանում ամեն 1000 ծննդին 90 մահ է գրանցվել, Վրաստանում՝ 45, Իրանում՝ 38: Ըստ որում` Հայաստանում առաջընթաց է գրանցվել. մանկական մահացությունների թիվը յուրաքանչյուր 1000 ծննդին նվազել է 5-ով:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG