Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյան. - «Այսօր մենք բավականին հեռու ենք կարգավորումից»


«Ես այն կարծիքին եմ, որ այսօր մենք բավականին հեռու ենք կարգավորումից», - Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանագահների հետ Երեւանում մեկժամյա հանդիպումից հետո լրագրողներին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը:

«Համանախագահները չեն թաքցնում, որ 2006 թվականը օպտիմալ ժամանակահատված է հարցը կարգավորելու համար: Ընդամենը սա ցանկություն է՝ հաշվի առնելով, որ ընդհանուր ֆոնը»:

ԵԱՀԿ համանախագահներից ռուսաստանցի դիվանագետ Յուրի Մերզլյակովը հանդիպումից հետո ասաց, որ նախագահ Քոչարյանին է ներկայացվելու խնդրի կարգավորման վերաբերյալ իրենց մոտեցումներն ու առաջարկությունները:

«Որեւէ նոր առաջարկ չկա. կան տարբեր վարիացիաներ, տարբեր մոտեցումներ այս կամ այն հարցի վերաբերյալ», - ասաց Արկադի Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ երբ գա պահը եւ բանակցային ֆորմատը փոխվի, Ղարաբաղը կընդգրկվի բանակցային պրոցեսի մեջ: - «Եվ այն, ինչ որ մտահոգում է Լեռնային Ղարաբաղին, բնական է, ներկայացվելու է ե’ւ կողմերին, ե’ւ համանախագահներին»:

«Եթե ցանկանում են կարգավորել խնդիրը, պարտավոր են լինելու մեզ ընդգրկել, որովհետեւ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության այս հարցերը կարգավորել հնարավոր չէ», - շարունակեց Ղուկասյանը:

Ըստ Արկադի Ղուկասյանի, այն, ինչ այսօր տեղի է ունենում բանակցություններ չեն, այլ՝ երկու երկրների ղեկավարների եւ արտգործնախարարների հանդիպումներ:

«Իմ հարցադրումներից մեկն էլ համանախագահներին սա էր՝ ես չեմ հասկանում՝ եթե Ադրբեջանը իրոք պատրաստվում է կարգավորել հարցը, ինչո՞ւ չի խոսում Ղարաբաղի հետ»:

«Այն, ինչ որ այսօր քննարկվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ, ենթադրում է, որ Ղարաբաղը պետք է միանա այս պրոցեսներին», - ասց Լեռնային Ղարաբաղի նախագահը՝ ավելացնելով. - «Բազմաթիվ հարցեր դուրս են մնացել այս քննարկումներից, եւ այդ հարցերը, բնական է, որ պետք է շարունակություն ստանան... Ես չեմ գտնում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ մեկ ուրիշը կարող է միայնակ այս հարցերը լուծել... Այս հարցը գաղտնի պայմաններում չի լուծվելու: Եթե մենք պայմանավորվել ենք այս կամ այն հարցի վերաբերյալ, դա ներկայացվելու է ժողովրդին, ու առաջին հերթին՝ Ղարաբաղի ժողովրդին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG