Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի առաջնորդ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը չորեքշաբթի օրը ասել է, որ իրենք որոշում են ընդունել չմասնակցել միացյալ ընդդիմության հանրահավաքներին:

«Դաշինքում ընդգրկված կուսակցությունները առաջին հերթին պետք է իրականացնեն դաշինքային գործունեություն», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ստեփան Դեմիրճյանը: - «Միաժամանակ, իհարկե, մենք կարեւորում ենք համագործակցությունը արտախորհրդարանական ուժերի հետ՝ առանց ինչ-որ պայմանական ֆորմատների: Կարեւորը, իհարկե, ազնվությունն է, պարկեշտությունը հարաբերությունների մեջ»:

«Պայքարը, թերեւս, չի կարող սահմանափակվել միայն հանրահավաքներով՝ այս պահին» - շարունակեց Դեմիրճյանը: - «Մենք գտնում ենք, որ նպատակահարմար չէ կազմակերպել հանրահավաքներ, միեւնույն ժամանակ՝ սա ամենեւին չի նշանակում, որ մենք առհասարակ հրաժարվում ենք այդ ձեւից: Համոզված եմ, որ դեռ կլինեն շատ հզոր հանրահավաքներ»:

«Արդարություն» դաշինքին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին նման հայտարարությունները, կարծես թե, չեն հուսահատեցնում:

««Ազգային միաբանություն»-ը հայտարարում է, որ դա քաղաքական կարճատեսություն է, կամ ՀԺԿ-ն ասում է, որ ինքը չի գնալու միտինգային մարտավարության... Ես էլ կարող եմ պիտակներ դնել, բայց ես չեմ գնա այդ ճանապարհով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Սարգսյանը՝ բացատրելով. - «Եթե գիտենք, որ խախտելու են իշխանությունները, դրանից հետո միայն հայտարարություն անելը, որ խախտվել են ու տանը նստելը, չպայքարելը ես համարում եմ ոչ ճիշտ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG