Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ուժի մեջ


Այսօրվանից պաշտոնապես ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որը ստորագրել է նաեւ Հայաստանը:

«Կարծում եմ, Հայաստանը եւս կվավերացնի այդ կոնվենցիան, որը կարող է աջակցել իրականացվող բարեփոխումներին: Սակայն գործնականում՝ չեմ կարծում, թե կոնվենցիան մոտ ապագայում կազդի Հայաստանում կոռուպցիայի մակարդակի վրա», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ամալյա Կոստանյանը:

Վերջին հետազոտությունների համաձայն, Հայաստանը կոռուպցիայի ցուցանիշով հայտնվել է Բենինի, Տանզանիայի, Գաբոնի, Հնդկաստանի, Իրանի, Մալիի հետ նույն խմբում. - «Հայաստանը արդեն 3 տարի տխուր խմբում է գտնվում, եւ կարծես, մտադրություն էլ չունի այդ տխուր խմբից դուրս գալ», - գտնում է Ամալյա Կոստանյանը:

«ՄԱԿ-ի կոնվենցիան Հայաստանի համար կդառնա սոսկ դեկլարատիվ հռչակագիր, քանի որ Հայաստանը տարբեր ոլորտներում ստորագրել է բազմաթիվ կոնվենցիաներ, սակայն ստանձնած պարտավորությունները չեն էլ կատարվել», - համոզված է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Նրա խոսքերով, հիմնականում կատարվում են օրենսդրական փոփոխություններ, իսկ թե ինչպես են դրանք կիրառվում՝ ոչ մի մոտիտորինգ չի անցկացվում, եւ ոչ էլ հաջողություն կա կոռուպցիայի դեմ պայքարում:

«Ոչ միջազգային կոնվենցիաները, ոչ էլ տեղական օրենքները Հայաստանում չեն աշխատում», - գտնում է Ամալյա Կոստանյանը:

ՄԱԿ-ի տվյալներով, ամեն տարի աշխարհում մոտ 840 միլիարդ եվրո կաշառք է վճարվում: Գանայում, Կամերունում եւ Նիգերիայում ընտանիքներ՝ որպես կաշառք տված գումարները կազմում են երկրի ընդհանուր համախառն ներքին արդյունքի մոտ 20 տոկոսը: Իսկ Պարագվայում, Կամբոջայում եւ Մեքսիկայում հարցվածների 31-45 տոկոսը խոստովանել է, որ վերջին 12 ամիսների ընթացքում առնվազն մեկ անգամ կաշառք է տվել:

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG