Մատչելիության հղումներ

Հայ սպայի սպանության գործով դատավարությունը Բուդապեշտում մոտենում է ավարտին


Բուդապեշտի դատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանի խոսքերով, հայ սպայի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի դատավարությունն ընդհուպ մոտեցել է ավարտին:

Դեկտեմբերի 10-ից Բուդապեշտում գտնվող հայ փաստաբաններն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպասում են դեռեւս նոյեմբերի 25-ին փորձագետների անցկացրած՝ Ռամիլ Սաֆարովի առողջական վիճակի վերաբերյալ թվով երրորդ դատական փորձաքննության արդյունքին:

«Առայժմ նորություններ չունենք», - «Ազատություն» ռադիոկայանին Բուդապեշտից հեռախոսով փոխանցեց Նազելի Վարդանյանը՝ ավելացնելով, որ պաշտոնապես պատասխանը հրապարակվելու է հինգշաբթի օրը՝ դատական նիստի ժամանակ:

Սաֆարովի հոգեկան վիճակի վերաբերյալ արված առաջին երկու փորձաքննությունները տարակարծությունների առիթ էին տվել, քանի որ առաջին անգամ հունգարացի հոգեբանները որոշել էին, որ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ 26-ամյա հայ սպային դաժանաբար կացնահարած ադրբեջանցի զինծառայողը մեղսունակ է, իսկ երկրորդ անգամ՝ թե Սաֆարովը լիովին չէր կարող վերահսկել իր գործողությունները, այսինքն՝ սահմանափակ մեղսունակ է:

«Երրորդ փորձաքննությունը փաստաթղթային է եւ արվել է առաջին երկուսի հիման վրա կազմված փաստաթղթերի համադրությամբ», - բացատրեց Նազելի Վարդանյանը:

Եվս մեկ փորձաքննություն նշանակելու հնարավորության օրենքն այլեւս չի տալիս, չկան նաեւ նոր վկաներ, իսկ դա նշանակում է, որ դատավարությունը շուտով կավարտվի:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր նաեւ այն պատճառով, որ չէր ներկայացել ադրբեջանական կողմի հերթական վկան՝ Անար Ալիեւը, ով ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ բնակվում էր Սաֆարովի հարեւանությամբ: Այս անգամ նրա՝ դատարան ներկայանալու եւ ցուցմունք տալու վերջին հնարավորությունն է, սակայն ադրբեջանական մամուլում արդեն հրապարակումներ կան, թե Անար Ալիեւն այս անգամ էլ չի ներկայանալու՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: Չգալու դեպքում, Վարդանյանի փոխանցմամբ, դատարանում կհրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը:

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն մոտալուտ վճռից, Նազելի Վարդանյանը պատասխանեց. - «Եթե օբյեկտիվ լինի [դատավորը], պետք է շատ խիստ պատիժ նշանակի: Իրենք [ադրբեջանցիները] փորձում են լրիվ ազատել եւ իրենց մամուլում են գրում են, թե եթե ինչ-որ պատիժ նշանակվի, դա արդեն պարտություն է: Մենք էլ ուզում ենք ամենախիստը լինի՝ ցմահ բանտարկություն»:

Ինչ վերաբերում է Սաֆարովի էքստրադիցիայի հարցին, ապա այն կարող է քննարկման առարկա դառնալ միայն վճռի կայացումից հետո:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG