Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Թորոսյանը ողջունում է Դեմիրճյանի ներգրավումը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում


Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը ողջունել է Ստեփան Դեմիրճյանի՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ ընտրվելը եւ հույս հայտնել, թե նրա հետ համագործակցությունը նույնպես արդյունավետ կլինի:

«Արդարություն» խմբակցության՝ երկուշաբթի կայացած նիստում միաձայն որոշվել էր, որ հաջորդ տարի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում խմբակցությունը Շավարշ Քոչարյանի փոխարեն ներկայացնելու է Ստեփան Դեմիրճյանը:

«Ինչ վերաբերում է Շավարշ Քոչարյանին, ապա մենք 2 տարի աշխատել ենք, նա պատվիրակության առավել ակտիվ պատգամավորներից էր: Այս առումով մնում է հուսալ, որ «Արդարություն» խմբակցության ղեկավարը պակաս ակտիվություն չի ունենա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տիգրան Թորոսյանը, ում կարծիքով՝ «ակնհայտ է «Արդարություն» դաշինքի որոշման եւ սահմանադրական հանրաքվեի հարցում Շավարշ Քոչարյանի դիրքորոշման միջեւ որոշակի կապը»:

Իսկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունում ընդդիմադիր անդամ, «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի խոսքերով, «Շավարշ Քոչարյանը 2 տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում մի շարք ելույթներ է ունեցել, որոնք պատիվ կբերեին ցանկացած երկրի»:

Պատասխանելով հարցին, թե արդո՞ք ընդդիմությունը կշահի այս փոփոխությունից, «Ազգային միաբանության» առաջնորդը նշեց. - «Բոլոր պարագաներում, երբ պատվիրակության անդամ է պատգամավորական այս կամ այն խմբակցության ղեկավարը, դա նոր կշիռ է հաղորդում տվյալ անձին»:

«Ինչ վերաբերում է պարոն Դեմիրճյանի մասնակցությանը ԵԽԽՎ-ում, համոզված եմ, որ «Արդարություն» դաշինքի լավագույն ավանդույթները, որոնք հիմնել է Շավարշ Քոչարյանը, էլ ավելի կզարգանան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արտաշես Գեղամյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG