Մատչելիության հղումներ

logo-print

Բրյուսելում սկսվեց Եվրամիություն – Հարավային Կովկաս ոչ պաշտոնական քաղաքական երկխոսությունը


Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանայի գլխավորությամբ Եվրամիության եռյակի՝ նախկին, ներկա եւ հաջորդ նախագահողներ Լյուքսեմբուրի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրիայի ներկայացուցիչները Բրյուսելում այսօր առանձին հանդիպումներ են ունենալու Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք քայլերը:

«Բրյուսելում պետք է կայանար Եվրամիության անդամ 25 երկրների արտգործնախարարների հանդիպումը Հարավային Կովկասի պետությունների արտգործնախարարների հետ, սակայն Ադրբեջանի եւ Կիպրոսի միջեւ առկա տարաձայնությունների պատճառով հանդիպման ձեւաչափը փոխվեց ոչ պաշտոնականի», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը:

Ըստ նրա, որպեսզի հանդիպումը շարունակվի եւ խոսվի բուն էության մասին, հատկապես՝ Հայաստանի եւ Վրաստանի հետ եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ընթացող գործընթացի մասին, Եվրամիությունը որոշեց հարցին լուծում գտնել՝ փորձելով առկա վիճակից ինչ-որ կերպ դուրս գալ, ինչը բովանդակային առումով Հայաստանի համար նույնն է կամ գրեթե նույնն է:

«Հարցը այդ ընդհանուր մոտեցման հետ կապված բողոքել կամ դժգոհելը չէ: Մենք ներկայացրել ենք մեր նկատառումները, եւ լավ կլիներ, որ յուրաքանչյուր երկրի հետ հարաբերությունները առանձին ուղղությամբ գնային, որպեսզի մեկը մյուսին չխոչընդոտեր», - նշեց Համլետ Գասպարյանը:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ Հայաստանի անհատական գործողությունների ծրագրի մեկնարկին, ապա, ըստ արտգործնախարարության խոսնակի, նոյեմբերի վերջին բավականին արդյունավետ եւ օգտակար աշխատանք ծավալվեց՝ գործողությունների ծրագիրը վերջնամշակման հասցնելու եւ կիրառելու ուղղությամբ. - «Հուսով ենք, որ մինչեւ եկող տարվա առաջին եռամսյակ կանցնենք ծրագրի կիրառման փուլին»:

«Մենք տարիներ ի վեր հայտարարում ենք Հայաստանի եվրոպական պատկանելության մասին, եվրոպական կառույցներին ինտեգրվելու մասին: Հայաստանի քաղաքականության հիմնական ուղղությունը դա է», - հայտարարեց Համլետ Գասպարյանը:

Փաստորեն, Բրյուսելում Հարավային Կովկասի արտգործնախարարների հանդիպումը Եվրամիության անդամ 25 պետությունների արտգործնախարարների հետ, որը պետք է ազդարարեր Եվրամիության հետ պաշտոնական բանակցությունների մեկնարկը, վերածվել է ոչ պաշտոնական հանդիպման:

Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների հետ հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները այս կապակցությամբ նշել է. - «Կառույցի փորձագետները այժմ 3 երկրներում են, եւ միայն նրանց վերադարձից հետո Եվրամիության անդամ պետությունների խորհուրդը կհստակեցնի՝ ինչպե՞ս է քաղաքականապես հնարավոր դառնալու գործողությունների ծրագրերի ընդունումը հարավկովկասյան 3 պետությունների պարագայում»:


Հրայր Թամրազյան եւ Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG