Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը չի պատասխանելու Րաֆֆի Հովհաննիսյանին


Ինչպես տեղեկացրել է Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում պատասխանել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում շարադրված հարցերին:

Նամակը, որ վերնագրված էր «Հանրային հաշվետվության քաղաքացիական պահանջագիր», ընդդիմադիր քաղաքական գործիչը հրապարակել էր ուրբաթ օրը կայացած հանրահավաքի ժամանակ, որից հետո անձամբ տարել էր այն նախագահի նստավայր:

Խիստ սուր հարցերի շարքում էին, օրինակ, հետեւյալ հարցերը՝ «Պատերազմի ճակատային գործողություններից դուրս մարդ սպանե՞լ եք, կամ պատճառե՞լ եք մարդու սպանություն, կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք մարդու սպանության մասին, կամ ներկա եղե՞լ եք մարդու սպանության», «Դուք Ձեզ համարու՞մ եք ազնվորեն ընտրված», «Դուք համարու՞մ եք, որ Ձեր անձնական օրինակով եւ քաղաքական գործունեությամբ նպաստել եք ազատ, անկախ, ժողովրդավարական, քաղաքացու իրավունքի վրա խարսխված հասարակարգի կայացման»:

«Դա անհեթեթություն է, դա նամակ չէ, եւ, բնականաբար, նման անհեթեթ թղթերի նախագահը չի պատասխանում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց երկրի նախագահի խոսնակը:

Ի պատասխան նախագահի աշխատակազմից ստացված արձագանքի, Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության միջոցով «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալ երկտողը. - «Շատ ափսոս եւ շատ իզուր: Պիտակելը, պատրվակելը, չպատասխանելը եւս պատասխան են եւ՝ բավական խոսուն»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG