Մատչելիության հղումներ

Աստղային պատերազմներ՝ հայկական ձեւով


Մրցանակաբաշխությունն այս տարի գրեթե չի փոփոխվել, միայն անվանակարգերն են կրճատվել: Հրաչ Քեշիշյանը սա բացատրում է նրանով, որ պարզապես չկային այնքան թեկնածուներ, որպեսզի, օրինակ, տարվա լավագույն DVD անվանակարգը դուրս չմնար մրցույթից:

Փոխարենն այս տարի երկու նոր անվանակարգ կա՝ «Տարվա ոճ» եւ «Լավագույն աշխատանք արտերկրում»: «Արտիստները պիտի տարբերվեն իրեց արտաքինով սովորական մարդկանցից, իսկ մենք դա գնահատում ենք», - ասում է Հրաչ Քեշիշյանը: Իսկ ահա երկրորդ նոր անվանակարգի կազմակերպիչները ընդօրինակել են միջազգային փորձը. - «Բոլոր հեղինակավոր մրցանակաբաշխություններում այդպես է, դրսում որեւէ մրցանակի արժանացած արտիստը գնահատվում է նաեւ իր երկրում»:

Մրցանակաբաշխության քվեարկության կարգն այս տարի չի փոխվել: Տարբեր մասնագիտությունների տեր 65 հայտնի մարդիկ վերջին 20 օրերի ընթացքում ընտրել են տարվա լավագույններին: Փակ ծրարները, սակայն, միայն վերջին օրն են բացվելու՝ ժյուրիից ընտրված մի քանի հոգու ներկայությամբ:

«Սա տոն է եւ իմաստ չեմ տեսնում այդքան խորանալ, վերջիվերջո ժյուրիում էլ մեզ պես մարդիկ են հավաքված», - պարզաբանում է Հրաչ Քեշիշյանը:

Նախորդ երկու մրցանակաբաշխություններից հետո եղան նաեւ դժգոհողներ: Մասնավորապես, Շուշան Պետրոսյանը հեռուստաեթերից հայտարարեց, որ ինքն այլեւս չի մասնակցելու այս մրցանակաբաշխությանը, քանի որ իր փոխարեն այդ տարի, իր խոսքով, անարդարացիորեն տարվա լավագույն երգչուհի դարձավ Նունե Եսայանը:

Հրաչ Քեշիշյանը սա սովորական է համարում ու համեմատում, օրինակ, Հոլիվուդի հետ, որտեղ եւս բազմաթիվ ինտրիգներ են լինում:

«Այդ մրցանակը ճակատագրական հարցեր չի լուծում, գեղեցիկ չէ վիճարկել այն: Սա տոն է, թող տարվա մեջ մեկ օր կարողանանք ծափահարել մեկս մյուսին»:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող էին ներկայացնել բոլորը, սակայն յուրաքանչյուր անվանակարգում նոմինանտների թիվը չի անցել վեցը: Հանրայինի գլխավոր պրոդյուսերի խոսքով՝ ընտրվել են լավագույնները: Հետաքրքրական է, սակայն, որ Շուշան Պետրոսյանից բացի էլի կան արտիստներ, ովքեր հրաժարվել են մասնակցել: Հրաչ Քեշիշյանն օրինակ է բերում երգչուհի Նառային, ով այս տարի երկու հիթ թողարկեց: Հայկոն, ով անցյալ տարի ամենաշատ մրցանակները ստացավ, այս տարի ներկայացված չէ ոչ մի անվանակարգում:

«Իրենց ցանկությունն է... Բայց նրանք համերգային մասում կան: Հուսով եմ, մյուս տարի արդեն Շուշան Պետրոսյանն էլ կմասնակցի»,- վստահեցնում է Քեշիշյանը:

Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2006-ը սկսվելու է կարմիր գորգով. երեկոյան ժամը 9-֊ից երկրպագուները իրենց աստղերին կտեսնեն Ազատության հրապարակում: Նրանք շքեղ մեքենաներով մոտենալու են գորգին: Ողջ արարողությունն այս տարի առաջին անգամ հեռարձակվելու է ուղիղ եթերով՝ աշխարհի բոլոր հայերը այն դիտելու հնարավորություն կունենան: Մրցանակաբաշխությանն այս տարի հետեւելու են նաեւ «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչները: 2006-ի մրցույթին Հայաստանն արդեն մասնակից է ունենալու:

Հանրային հեռուստատեսության կազմակերպած ինտերնետային քվեարկության արդյունքներով, «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում բացահայտ լիդեր է Անդրեն: Հիշեցնենք, որ նա անցյալ տարի արժանացավ այս մրցանակին: Տարվա հիթը դարձյալ Անդրեինն է՝ «Սեր ես ու մի կյանք»: «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հիմնական մրցակիցները Սիրուշոն ու Անի Քրիստին են: Հրաչ Քեշիշյանն իր նախապատվությունն առայժ թաքցնում է, մանավանդ որ նրա նկարահանած երկու տեսահոլովակները եւս ինտերնետային քվեարկության արդյունքներով առաջատար են՝ Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ»-ը եւ Նունե Եսայանի «Դլե յաման»-ը:

«Ինքս էլ մեծ ակնկալիքներ ունեմ», - ասում է Հրաչ Քեշիշյանը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG