Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւին:

Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը նշել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ գործակցությունը եւ վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի:

Լեոնիդ Մալցեւը, իր հերթին, նշել է, թե հայ եւ բելառուս գործընկերների միջեւ առկա է «լիարժեք փոխըմբռնում ինչպես երկկողմ ռազմական հարաբերություններում, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում»:

Նրա խոսքերով, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները համագործակցության լուրջ ներուժի հետ մեկտեղ ունեն արդեն իսկ կուտակած փորձ, որը հնարավորություն է տալիս հետագայում եւս հաջողությամբ շարունակել փոխշահավետ գործակցությունը:

Բելառուսի պաշտպանության նախարարը երկուշաբթի օրը հանդիպել է նաեւ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Այցի շրջանակներում Բելառուսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը կընդունի նաեւ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG