Մատչելիության հղումներ

Ընդդիմությունն անցկացրեց հերթական հանրահավաքը


Հայաստանյան միացյալ ընդդիմությունը այսօր Մատենադարանի մոտ անցկացրեց հերթական հանրահավաքը` վերահաստատելով հանրահավաքային պայքարը շարունակելու իր վճռականությունը:

Հանրահավաքի մասնակիցների թիվը զիջում էր նախորդ հանրահավաքների ժամանակ հավաքվածների թվին: Ընդդիմադիրները, սակայն, իրենց ելույթներում պնդում էին, թե կարեւորը դա չէ, այլ իրենց վճռականությունը:

«Մենք անընդհատ միտինգ ենք անելու», - հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: - «Չհոգնե'ք միտինգներից: Շատ ցանկալի է, որ միտինգները լինեն մարդաշատ, բայց, հավատացեք, մենք չենք վախենում նաեւ փոքրաքանակ միտինգներից»:

«Եթե մինչեւ Սահմանադրության հանրաքվեն որոշ մարդիկ մտածում էին, որ կարելի է քաղաքական պայքարով, ընտրություններում ընտրաթեզեր ընտրելով, հասարակության հետ աշխատելով հասնել իշխանության փոփոխության, հիմա բոլորը այդ առումով հույսները փոխել են», - ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ այս պայքարի ճշմարիտ ուղին հեղափոխությունն է:

Իսկ հանրահավաքում առաջինը ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հրապարակեց Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր հարցաթերթիկը, որի պատասխանները ակնկալում է ստանալ մինչեւ դեկտեմբերի 16-ը՝ հաջորդ հանրահավաքի օրը, որը, Արամ Սարգսյանի խոսքերով, «կարող է նաեւ վճռական լինել»: Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ հարցաթերթիկը անձամբ է տանելու նախագահի նստավայր:

«Եթե պատասխանեք՝ ես հանրորեն շնորհակալություն կհայտնեմ ձեր շիտակության, ուղիղության եւ տղամարդկայնության համար», - ասաց Հովհաննիսյանը: - «Իսկ եթե ոչ՝ Աստծո տված այս կյանքը պայքար է: Մեր պայքարը տեւական է... Եվ մեզ բոլորիս պատկանող երկիրը եղել է, կա եւ հավերժ կմնա Հայաստան»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG