Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը հորդորում է Եվրամիությանը ճնշում գործադրել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի վրա


Հարավային Կովկաս - Եվրամիություն տարեկան ժողովի նախօրեին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ ուղղված Եվրամիության ղեկավարներին եւ հորդորել է ճնշում գործադրել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրա՝ բարելավելու մարդու իրավունքների պաշտպանվածությունը եւ ազատությունների աստիճանը:

Երեքշաբթի օրը Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանայի նախագահությամբ Եվրամիությունը առանձնահանդիպումներ է ունենալու Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, քննարկելու է այսպես կոչված «գործողությունների ծրագիրը» «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում:

«Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է ընձեռում Եվրամիությանը՝ ճնշում գործադրելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրա մարդու իրավունքների բնագավառում կոնկրետ առաջընթաց արձանագրելու համար: Այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել», - նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է Եվրամիությանը մինչեւ այժմ իր ներգործության լծակները անբավարար օգտագործելու համար. - «Բանն այն է, որ Հարավային Կովկասի երեք երկրները լուրջ բացթողումներ են ունեցել մարդու իրավունքների բնագավառում, սակայն նախկին բոլոր նախարարական հանդիպումներում այս մտահոգությունները չեն արտացոլվել: Եվրամիության համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ պետք է հրապարակավ ճանաչի այն փաստը, որ մարդու իրավունքների լուրջ խախտումները շարունակվում են»:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության, կտտանքները, իրապահ մարմինների կողմից չարաշահումները, դատավորների եւ փաստաբանների անկախության բացակայությունը, մամուլի ազատությունների սահմանափակումները շարունակում են մնալ լուրջ հիմնահարցեր Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում:

«Հայաստանի կառավարությունը շարունակում է օգտագործել իր իշխանությունը՝ սահմանափակելու քաղաքական գործունեությունը: Իշխանությունները սահմանափակում են հանրահավաքներ անցկացնելու ազատությունը եւ հալածում նրանց, ում համարում են սպառնալիք իրենց իշխանության պահպանման համար», - նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: - «Հալածանքների թիրախ են դառնում հատկապես այն իրավապաշտպանները, որոնք քննադատական կեցվածք ունեն կառավարության նկատմամբ: Անցլալ տարի այդպիսի ճնշումների է ենթարկվել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը այն բանից հետո, երբ հրապարակվել է օմբուդսմենի տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանի կառավարությունը քննադատության էր ենթարկվում մարդու իրավունքների բնագավառում»:

Human Rights Watch-ը իր հայտարարության մեջ փաստում է, որ Հայաստանի կալանավայրերում շարունակվում են կտտանքները, բանտարկյալների իրավունքների կոպիտ խախտումները. - «Չարաշահումները բանակում նույնպես տարածված են. ամեն տարի արձանագրվում են կասկածահարույց մահացության տասնյակ դեպքեր»:

«Չնայած այն հանգամանքին, որ այժմ զարգանում է անկախ ու ընդդամիդիր տպագիր մամուլը, կառավարությունը շարունակում է սահմանափակել մամուլի լիակատար ազատությունը», - նշված է Եվրամիության ղեկավարությանն ուղղված՝ Human Rights Watch-ի հայտարարության մեջ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG