Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը հանդես է եկել հերթական հակաիսրայելական հայտարարությամբ


Հինգշաբթի օրը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Մեքքայում Իսլամական կոնֆերանս կազմակերպության գագաթնաժողովում հանդես է եկել հերթական հակաիսրայելական հայտարարությամբ:

«Եվրոպական որոշ պետություններ պնդում են, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հիտլերը ողջակիզել է միլիոնավոր հրեաների եւ ուղարկել համակենտրոնացման ճամբարներ: Ցանկացած պատմաբան, մեկնաբան կամ գիտնական, ով մերժում է դա, տարվում է բանտ կամ դատապարտվում», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, հայտարարել է Ահմադինեջադը:

«Համարենք, որ եվրոպացիների ասածը ճիշտ է… Եթե գերմանացիները կամ ավստրիացիները ճանաչում են իրենց մեղքը հրեաների նկատմամբ, թող իրենց երկրներում տարածք հատկացնեն սիոնիստական պետության համար», - հայտարարել է Իրանի նախագահը եւ ավելացրել, - «Ինչո՞ւ պետք է պաղեստինցիները տառապեն հրեաների նկատմամբ Եվրոպայում ժամանակին իրականացրած անարդարության պատճառով»:

Իսրայելը Իրանի նախագահի այս հայտարարությունը որակել է «վրդովեցուցիչ» ու «ռասիստական», իսկ Միացյալ Նահանգները դրանք անվանել է «սոսկալի ու դատապարտելի»: Հայտարարությունը խստորեն քննադատել են նաեւ եվրոպական տերությունների ղեկավարները եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, ով հայտարարել է, թե «ցնցված է»:

Իրանի նախագահը առաջին անգամ չէ հանդես գալիս հակաիսրայելական հայտարարություններով. հոկտեմբերի վերջին Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, թե «Իսրայելը պետք է ջնջել աշխարհի քարտեզից», ինչին ի պատասխան Իսրայելը պահանջել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից գնահատական տալ Իրանի նախագահի հայտարարությանը եւ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG