Մատչելիության հղումներ

Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի օրը արձագանքեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների առումով միջազգային հանրության լավատեսությանը՝ վկայակոչելով Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անսովոր դրական հայտարարությունը:

Երեքշաբթի օրը ԵԱՀԿ անդամ երկրների (այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի) արտգործնախարարների ընդունած հայտարարությունը փաստում է, որ «Պրահայի գործընթացի» շրջանակներում ընթացող բանակցություններում կողմերը մեծ առաջընթաց են արձանագրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Մենք կարծում ենք, որ կողմերը այժմ պատրաստ են անցում կատարել բանակցություններից դեպի որոշում, եւ բոլորի համար հասանելի լուրջ օգուտներ կան առջեւում», - ասված է հայտարարությունում: - «Մենք քաջալերում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին օգտագործել ներկայումս ստեղծված հնարավորության պատուհանը՝ գալիք տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում հակամարտության կարգավորման գործում նշանակալի նվաճումների հասնելու նպատակով»:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Բրյուսելից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը առաջին անգամ է իր բավարարվածությունն արտահայտում ղարաբաղյան խաղաղ կարգավորման ընթացքի կապակցությամբ: Օսկանյանը նշեց, որ նախկին հայտարարություններում սովորաբար ափսոսանք էր հայտնվում Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացքում բանակցություններում առաջընթացի բացակայության կապակցությամբ:

Վարդան Օսկանյանը ասաց նաեւ, որ ինքը եւ իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովը Սլովենիայի մայրաքաղաքում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում (ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների մասնակցությամբ) հաստատել էին հայտարարության տեքստը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG