Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմությունը հայտարարում է քաղաքացիական շարժում կազմավորելու մասին


Երեւանի Կինոյի տանը հինգշաբթի օրը գումարած հավաքով հայաստանյան միացյալ ընդդիմությունը սկիզբ դրեց «քաղաքացիական շարժման», որը, Խորեն Պալյանի բնորոշմամբ՝ պետք է «կարողանա պետությունն ու ազգը ստեղծված դժվարին իրավիճակից դուրս բերել՝ առանց արյունահեղութան եւ սրացումերի»:

Իր ելույթում Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը «ուտոպիա» անվանեց ակնկալիքը, թե 2007 թվականի խորհրդարանական ընտրություններով հնարավոր կլինի որեւէ հարց լուծել, քանի որ, իր համոզմամբ՝ Հայաստանում «վաղուց արդեն ընտրություններով որեւէ հարց չի լուծվում»:

Բացատրելով, թե ինչու իշխանությունները դիմեցին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն (որտեղ դրված չէր անձերի կամ կուսակցությունների հարց) կեղծելուն, Մանուկյանը ասաց. - «Գողական, մաֆիոզ կառույցներում չի կարելի, որ դու պարտվես. մի անգամ պարտվեցիր՝ արդեն քացու տակ կգցեն: Եթե իշխանությունը մաֆիոզ, գողական իշխանություն է, նա երբեք պիտի [իրեն] թույլ չտա որեւիցե հարցում պարտվել, մինչեւ վերջ պետք է ջարդի դիմացինին: Այս տիպի կառույցներում մեկ պարտությունը նշանակում է կործանում»:

ԱԺՄ նախագահի համոզմամբ, իշխանություններին ժողովրդվարությունը չի հետաքրքրում. նրանք ցանկանում են «պարզապես, Արեւմուտքի ասածը անելով, պահել իշխանությունը», ուստի խոսակցությունները, թե 2006-ին Ղարաբաղի հարցը լուծվելու է, ընդամենը «սպեկուլացիա է»:

Մանուկյանը վստահ է, որ եթե երկրի ներսում լուծվի ժողովրդավարութան խնդիրը, կլուծվի նաեւ Ղարաբաղի հարցը: Իսկ ժողովրդավարության խնդիրը լուծել հնարավոր է միայն ընդհանուր մեկ մարմին՝ կոմիտե, ստեղծելու ճանապարհով, որը պիտի կառույցներ ունենա ամբողջ երկրով մեկ:

«Ամեն մի տարածքում, Երեւանի ամեն մի մեծ թաղում պետք է լինի իր կազմակերպությունը, իր կազմակերպիչը», - ստեղծվող կառույցի մասին ասաց Արշակ Սադոյանը:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նկատեց, որ եթե այս անգամ համակարգված լուրջ պայքարի դուրս չեն գալու, ավելի լավ է ընդհանրապես չպայքարեն: «Որ ճանապարհը հեղափոխական է՝ դրանում կասկած չկա», - ասաց Կարապետյանը՝ համակարգված լուրջ պայքարի համար անհրաժեշտ համարելով հետեւյալ հանգամանքները. - «Առաջին, կազմակերպված ուժ, որը իր գլխին ունի կազմակերպված մարմին. առաջարկը մեկն է՝ «Հայաստան» կոմիտե, որը կկազմակերպի ներքեւ: Երկրորդ, համապատասխան ֆինանսական միջոցներ»:

«Պետք է համակարգված մարմին եւ տեւական պայքար», - շարունակեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը. - «Ու շատ քիչ ժամանակ է մնացել նրան [ներկայիս իշխանությանը]»:

«Հանրապետություն» կուսակցություն նախագահ Արամ Սարգսյանը կոչ արեց պահպանել միասնականությունն ու հավատալ հաղթանակի հնարավորությանը: Նրա խոսքերով, իշխանությունը փոխելը հեշտ խնդիր չէ, բայց «այդքան էլ բարդ չէ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG