Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանն ու Իրանը ստորագրել են էներգետիկայի բնագավառում համագործակցության հուշագիր


Ռուսական գազի առաջիկա կտրուկ թանկացման սպառնալիքը կարծես թե հայկական կողմին ստիպում է է'լ ավելի մերձենալ Իրանի հետ, ընդլայնել համատեղ էներգետիկ ծրագրերի շրջանակը։ Հինգշաբթի օրը Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը իրանցի իր գործընկեր Սեիդ Ֆաթթահի հետ երկու երկրների միջեւ էներգետիկայի բնագավառում համագործակցության հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց, թե կառուցվող Իրան - Հայաստան գազամուղով հնարավոր կլինի այնքան գազ ներկրել, ինչքան ներմուծվում է հյուսիսային գազատարով։

Այդուհանդերձ, Մովսիսյանը առայժմ դիվանագիտորեն է արտահայտվում Իրան - Հայաստան գազամուղի կարգավիճակի մասին՝ ըստ երեւույթին հույս ունենալով, թե ռուսները ետ կկանգնեն գազը կտրուկ թանկացնելու մտադրությունից: Նրա խոսքերով, իրանական գազատարի հիմնական նպատակը երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելն է:

Իրանի էներգետիկայի նախարարը փաստաթղթի ստորագրումից հետո նշեց, որ Իրանը ցանկանում է զարգացնել ու խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր բնագավառներում ու կողմնակից է նոր ծրագրերի իրականացմանը։

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը այս ձմռան նախաշեմին ազդարարեց Հայաստանին վաճառվող գազի սակագինը 56-ից մինչեւ 110 դոլարի հասցնելու մտադրության մասին այն բանից հետո, երբ տեւական բանակցություներից հետո Իրան - Հայաստան գազատարի շինարարարության եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի արդիականացման ծրագրի մրցույթներից երկուսում էլ Հայաստանի կառավարությունը գերապատվությունը տվեց պարսկական «ՄԱՌ» եւ «Սանիր» ընկերություններին։

Թեեւ, ռուսական «Գազպրոմ»-ը եւ «ՌԱՈ ԵԷՍ»-ը ցանկություն էին հայտնել համատեղ կոնսորցիումով մասնակցել մրցույթին, սակայն Արմեն Մովսիսյանն այսօր բաց տեքստով հայտարարեց, որ չնայած Ռուսաստանի վարչապետ Ֆրադկովը իր հայաստանյան այցի ընթացքում ցանկություն հայտնեց մասնակցել 5-րդ բլոկի շինարարությանը, սակայն, որեւէ ձեւով այդ ցանկությունը չի ձեւակերպվել կոնկրետ առաջարկներով:

Որոշ տեղեկություններով, միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կիսակառույցը ավարտին հասցնելու նպատակով պարսկական ընկերությունը պատրաստվում է ծախսել 150 միլիոն դոլար։

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը կառուցվելու եւ պարսկական ընկերության սեփականությունը դառնալու դեպքում կաշխատի իրանական համեմատաբար էժան գազով, եւ արտադրած հոսանքը նույնպես ավելի էժան կլինի, քան ՌԱՕ ԵԷՍ-ի սեփականությունը համարվող նույն ՋԷԿ-ի մյուս էներգաբլոկների արտադրած հոսանքը։ Հավանաբար, հենց սա է ռուսներին հանել հավասարակշռությունից ու դրդել թանկացնել գազը:

Սակայն այս դեպքում էլ հայկական կողմը հակախաղ ունի. եթե նույնիսկ «Գազպրոմ»-ը հայտարարի, որ հունվարի 1-ից թանկացնում է Հայաստանին վաճառվող գազը, դա ամենեւին չի նշանակում, թե վառելիքը մեխանիկորեն կթանկանա։ Քանի որ գազի փոխադրողը, որ «Գազպրոմ»-ի դուստր ընկերությունն է, ստիպված կլինի սկզբում լուծել Վրաստանի տարածքով գազի տարանցման խնդիրը, որն առայժմ լուծված չէ։

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ եթե իրենց վաճառվող գազի սակագինը հասցվի 110 դոլարի, ապա իրենք 5-6 անգամ կթանկացնեն դեպի Հայաստան գազի տարանցման սակագինը։ Այսինքն՝ Հայաստան մտնող գազի 1000 խորանարդ մետրը կարժենա առնվազն 140 դոլար, ինչը նշանակում է, որ նման թանկ գազով Հայաստանում հոսանք արտադրելն անիմաստ կդառնա:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG