Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը եւ Ադրբեջանը հերքում են իրենց երկրներում ԿՀՎ գաղտնի բանտերի առկայությունը


Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները հերքել են իրենց երկրներում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի բանտերի առկայության մասին տեղեկատվությունը:

«Ադրբեջանում ԱՄՆ-ի գաղտնի բանտերի առկայության մասին տեղեկատվությունը մտացածին է», - ըստ Բաքվի «Զերկալո» թերթի, չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը՝ ավելացնելով, թե «Եվրախորհրդի կողմից անցկացվող հետաքննությունը Ադրբեջանի հետ որեւէ կապ չունի»:

Նախարարը շեշտել է, թե Ադրբեջանի պատժիչ համակարգը «գտնվում է հասարակության մշտական վերահսկողության տակ, իրավապաշտպանները պարբերաբար այցելում եւ ծանոթանում են այդ հիմնարկություններում տիրող իրավիճակին»:

Ադրբեջանական մամուլը վերջերս մի քանի անգամ տեղեկացրել էր, թե Բաքու են ժամանում ԿՀՎ գաղտնի օպերացիաների համար նախատեսված ինքնաթիռները, որոնք «սպասարկում են» տարբեր երկրներում ԿՀՎ գաղտնի բանտերը՝ տեղափոխելով ահաբեկչության մեջ կասկածվող կալանավորների:

Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաները անցած ամիս հայտարարել էին, որ անհրաժեշտ է հստակցել ԿՀՎ գաղտնի բանտերի շուրջ իրավիճակը: Ի թիվս երկրների, որտեղ առկա են ԿՀՎ գաղտնի բանտերը, նշվում են Ռումինիան, Լեհաստանը եւ Ադրբեջանը:

«Արբանյակներից արված լուսանկարների վերլուծությունը թույլ կտա հաստատել կամ հերքել ԿՀՎ գաղտնի բանտերի առկայությունը Ռումինիայում եւ Լեհաստանում», - հայտարարել էր Եվրախորհրդում իրավական կոմիտեի նախագահ, շվեյցարացի պատգամավոր Դիկ Մարտին:

Իսկ Վրաստանում ԿՀՎ գաղտնի բանտերի առկայության մասին մեղադրանքները այսօր հերքել է Վրաստանի արդարադատության փոխնախարար Գիվի Միկանաձեն՝ արձագանքելով Մոսկվայում Հարավային Օսիայի էմիսար Դմիտրի Մեդոեւի հայտարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG