Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ակնկալում է Ղարաբաղի խաղաղության հարցում «նշանակալի քայլեր» 2006 թվականին


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, թե Միացյալ Նահանգները հույս ունի, որ Հայաստանին եւ Ադրբեջանին եկող տարի կհաջողվի բեկում մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգված բանակցություններում:

«ԱՄՆ-ն ողջունում է դրական տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում», - անդրադառնալով ընթացիկ տարում կողմերի միջեւ արձանագրված զգալի առաջընթացին՝ հայտարարել է Բերնսը եւ ավելացրել. - «Մենք հավատում ենք, որ 2006 թվականը կլինի այն տարին, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը նշանակալի քայլեր կկատարեն դեպի հաստատուն ու արդար խաղաղություն»:

Բերնսը նաեւ վերահաստատել է Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հետ կապված հույսերը. - «Մենք խրախուսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ վճռականորեն աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խաղաղության հասնելու եւ անցյալի ցավագին տարաձայնությունները ձեւափոխելու ուղղությամբ, որպեսզի Կովկասի ժողովուրդները կարողանան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի խնդիրը», - հայտարարել է Նիկոլաս Բերնսը:

Նա ելույթ է ունեցել Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում այս շաբաթ անցած ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 13-րդ տարեկան եռօրյա հավաքի ավարտին, որին մասնացկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Նիստի շրջանակներում կայացել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Էլմար Մամեդյարովի հետ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել երկու երկրների նախագահների՝ ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակման ժամկետների եւ վայրի վերաբերյալ: Օսկանյանը նաեւ հույս էր հայտնել, որ դեկտեմբերի կեսերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո հստակ կդառնան հաջորդ հանդիպումների ժամկետները:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG