Մատչելիության հղումներ

Բարեփոխված Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ է


Հայաստանի պաշտոնյաները չորեքշաբթի հայտնել են, որ նոյեմբերի 27-ին հանրաքվեի ընթացքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Հայաստանի բարեփոխված Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել:

Բարեփոխված Սահմանադրության տեքստը դեկտեմբերի 5-ին տպագրվել է Հայաստանի կառավարության պաշտոնական տեղեկագրում, եւ ըստ օրենքի, նոր Սահմանադրությունը ուժի մեջ է տպագրման հաջորդ օրվանից:

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքերով, քանի որ սահմանադրական բարեփոխումների արդյունքները հանրաքվեից հետո 7-օրյա ժամկետում չեն բողոքարկվել, ուստի բարեփոխված Սահմանադրութունը ուժի մեջ է:

Ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական արդյունքների, հանրաքվեին մասնակցել է շուրջ 1,5 միլիոն Հայաստանի քաղաքացի, եւ նրանց 93,3 տոկոսը կողմ է արտահայտվել բարեփոխված Սահմանադրության ընդունմանը:

Սահմանադրական հանրաքվեն բոյկոտած Հայաստանի ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ հանրաքվեն ուղեկցվել է լուրջ խախտումներով եւ չի անցել: Ընդդիմության տվյալներով, հանրաքվեին մասնակցել է 374 հազար 667 ընտրող, ինչը կազմում է ընտրողների 16.3 տոկոսը:

Սահմանադրության որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն ավելի ուշ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG