Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները զգուշավոր դիրք են գրավում Հայաստանում ետհանրաքվեական զարգացումների առումով


ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի գծով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան չորեքշաբթի օրը վերահաստատել է Միացյալ Նահանգների քննադատությունը Հայաստանի իշխանությունների կողմից նոյեմբերի 27-ին անցկացրած սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ: Միեւնույն ժամանակ, նա հարցականի տակ չի դրել Հայաստանի իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարությանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Մեթյու Բրայզան վերահաստատել է Միացյալ Նահանգների տեսակետը, ըստ որի սահմանադրական բարեփոխումների փաթեթը կխթանի Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացումը: Նա, այդուհանդերձ, խուսափել է գնահատել, թե արդյոք հանրաքվեի բուն անցկացումը երկիրը ավելի ժողովրդավար է դարձրել՝ այսպիսով ընդգծելով ԱՄՆ-ի զգուշավոր դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ:

Բրայզան ընդգծել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում վերջին ամիսների առաջխաղացումը չի նշանակում, թե Բուշի վարչակազմը հետաքրքրված չէ Բաքվում եւ Երեւանում վարչակարգերի փոփոխության մեջ:

«Դեռեւս չափազանց վաղ է դատողություններ անել ժողովրդավարության առաջխաղացման վերաբերյալ», - ասել է Բրայզան: - «Եկեք տեսնենք, թե ինչ ծավալով են այս [սահմանադրական] բարեփոխումները կիրառվելու, եւ ինչ ծավալով են Հայաստանի իշխանությունները աշխատելու քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հետ՝ ընտրական եւ հանրաքվեական ընթացակարգերը ուժեղացնելու ուղղությամբ»:

Հանրաքվեի անցկացման վերաբերյալ Բուշի վարչակազմի պաշտոնական արձագանքը արտահայտված է անցած շաբաթ Պետական դեպարտամենտի Եվրոպական եւ Եվրասիական տարածաշրջանների բյուրոյի հայտարարության մեջ: Մեջբերելով Եվրոպայի Խորհրդի դիտորդներին՝ հայտարարությունը հարցականի տակ է դրել պաշտոնական տվյալները, որոնք չափազանց բարձր մասնակցություն եւ «այո» քվեարկություն են արձանագրել:

Բրայզան, ով այդ բյուրոյի երկրորդ դեմքն է, կրկնել է Միացյալ Նահանգների կոչը՝ պաշտոնական հետաքննություն սկսել դիտորդների կողմից նկատված խախտումների առնչությամբ: «Ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը հետաքննի լուրջ խախտումների մասին տեղեկատվությունը… Եթե Հայաստանի իշխանությունները անցկացնեն հետաքննություն եւ պատժեն մեղավորներին, ապա դա եւս մեկ քայլ կդառնա ժողովրդավարացման ուղղությամբ: Բայց այս պահին մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենալու»:

Եվրամիությունը, որը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ակտիվ աջակիցներից է եղել, արտահայտել է իր մտահոգությունները «լցոնումների եւ մասնակցության տվյալները ուռճացնելու վերաբերյալ»: «Այսպիսի գործողությունները չխոչընդոտելը հարցականի տակ է դնում Հայաստանի նվիրվածությունը թափանցիկությանը եւ ժողովրդավարությանը», - ասված էր անցած շաբաթ Եվրամիության անունից Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Սակայն Բրայզան, որի այս շաբաթ Հայաստան նախատեսված այցը վատ եղանակի պատճառով չի կայացել, խուսափել է հարցականի տակ դնել նախագահ Քոչարյանի վարչակազմի նվիրվածությունը ժողովրդավարությանը: «Ժամանակավրեպ է դատողություններ անել այն բանի վերաբերյալ, թե արդյոք հանրաքվեի անցկացումը արտահայտել է իշխանությունների ժողովրդավարության հանդեպ նվիրվածությունը, կամ դրա պակասը», - ասել է պետքարտուղարի օգնականի տեղակալը:

«Կան ժողովրդավարության ամրապնդմանը ուղղված դրույթներ, որոնց շատ դեպքերում հակադրվել են հենց նրանք, ովքեր շահելու են դրանցից: Սա չափազանց բարդ իրավիճակ է», - ասել է Բրայզան՝ ակնարկելով Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններին եւ քաղաքացիական խմբերին, որոնք մերժել են սահմանադրական բարեփոխումները:

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյան չանդրադարձավ նրան, թե արդյոք իշխանությունների կողմից հանրաքվեի անցկացման այսպիսի ձեւը չի վտանգում 2007 եւ 2008 թվականներին նախատեսված խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը. - «Ես համոզված չեմ, որ մենք կարող ենք հստակորեն կանխատեսել ապագան»:

Իր հայտարարության մեջ պետական դեպարտամենտը ընդգծել էր, որ «սերտորեն համագործակցում է» Հայաստանի իշխանությունների հետ 2007 եւ 2008 թվականների ընտրությունները ժողովրդավարության նորմերին համապատասխան անցկացնելու շուրջ: Սակայն Հայաստանի ընդդիմությունը նշում է, որ հանրաքվեի անցկացումը ցույց է տալիս, որ քանի դեռ Հայաստանում իշխում են նախագահ Քոչարյանը եւ կառավարող կոալիցիան, երկրում անհնար է արդար ընտրությունների անցկացումը: Այսպիսով, ըստ ընդդիմության, իշխանափոխությունը ժողովրդավարացման անհրաժեշտ պայման է:

Բուշի վարչակազմը, մյուս կողմից, հստակորեն կողմ է, որ նախագահ Քոչարյանը եւ իր հանդեպ լոյալ խորհրդարանը իրենց լիազորությունները կատարեն մինչեւ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետների ավարտը: Բրայզան կոչ է արել քաղաքական երկու ճամբարների ներկայացուցիչներին «երկխոսության» գնալ, եւ նույնիսկ առաջարկել է նրանց պայմանավորվածության հանգել սահմանադրական հավելյալ բարեփոխումային դրույթների շուրջ:

Միեւնույն ժամանակ Բրայզան ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ քաղաքական բարեփոխումների գնան՝ եթե նրանք ուզում են Միացյալ Նահանգների հետ «լիամասշտաբ» հարաբերություններ ունենալ: «Մեր կառավարության հետ լիամասշտաբ գործընկերության հասնելու համար ցանկացած երկիր պետք է մեր հետ ավելի մեծ ծավալի համագործակցության գնա, քան պարզապես ընդհանուր շահերի շուրջ համագործակցությունն է… Իրական գործընկերությունը պահանջում է ժողովրդավարության ընդհանուր արժեքների առումով առաջխաղացում եւ տնտեսական բարեփոխումներ: Ես միայն կարող եմ ենթադրել, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է Միացյալ Նահանգների հետ այսպիսի գործընկերության հասնել»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG