Մատչելիության հղումներ

Արդեն զարգացմա՞ն, թե՞ դեռեւս աղետի գոտի


1988 թվականի ավերիչ երկրաշարժի 17-րդ տարելիցի օրը Գյումրիում եղան եւ հազարավոր զոհերի հիշատակը հարգեցին երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, ընդդիմության ներկայացուցիչները՝ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ:

Գյումրեցիները առանձնապես ոգեւորված չէին նախագահ Քոչարյանի այցելությունից: «Նախագահը եկավ, շատ սիրով ընդունեցին ու գնաց: Ինքը չխոսաց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջինի տարիքի մի կին:

«Նպատակն ինչ է՝ չգիտեմ», - ավելացրեց մեկ ուրիշը: - «Նրա գալով ի՞նչ մի բարի գործ է անում... Վիճակը լավ չէ մեր: Ողջ մնացածների կյանքը պիտի պաշտպանեն՝ զոհվածների տեղը հանեն... Չի կարելի ժողովրդին այսպես անտեսել: Անընդհատ իրենք իրենց կյանքն են ապահովում, իրենց անձեռնմխելիությունն են ապահովում, իսկ մենք արդեն ոտնատակ ենք գնում»:

Գյումրեցիների բողոքը հիմնականում աշխատատեղերի բացակայությունն է եւ այն, որ երկրաշարժից 17 տարի անց քաղաքում դեռ հազարավոր մարդիկ ապրում են ժամանակավոր տնակներում:

«Ժողովուրդը արդարացիորեն է բողոքում», - լրագրողներին ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Չի կարելի խոսել այսօր, թե տարածաշրջանը, մասնավորապես Գյումրին դարձել է զարգացման գոտի: Դա մեղմ ասած՝ իրականությանը չի համապատասխանում»:

Աղետի գոտուց Ազգային Ժողով ընտրված Վիկտոր Դալլաքյանը ասաց, որ այսօր գործազրկության մակարդակով երկրում առաջին տեղում հենց աղետի գոտին է:

«Գյումրիում 16 հազար քաղաքացիներ անօթեւան են», - շարունակեց Դալլաքյանը: - «Այնինչ իշխանությունները խոստացել էին 2003 թվականին ավարտել գոնե բնակարանային շինարարությունը»:

Ընդդիմության եւ իշխանությունների անունից 88-ի զոհերի հիշատակի ծաղկեպսակները եկեղեցու բակում կողք-կողքի հայտնվեցին: Ընդդիմադիրների հեռանալուց հետո տարեց մի գյումրեցի թերահավատորեն նկատեց. - «Է, թող իրենք աշխատեին: Գեղամյանը, ով ասում է՝ մեկին տասը թոշակ կավելացնեմ... Որտեղից կավելացնի՞»:

Գյումրիում, անշուշտ, փոփոխություններ կատարվել են. բազմաթիվ բնակարաններ են կառուցվել, հիմնականում «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Սակայն, հանուն արդարության, հարկ է նշել, որ կատարվածը շատ քիչ է քաղաքը վերականգնված, իսկ աղետի գոտի հասկացությունը անցյալ համարելու համար:

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանը ընդունեց, որ վիճակը ծանր է. - «17 տարի այսօր արդեն լրացավ, որ մարդիկ գտնվում են տնակների մեջ... Դրանք արդեն փտել են, ուղղակի հնարավոր չէ այդտեղ ապրել»:

Բալասանյանի կարծիքով, տնակների պրոբլեմը վերացնելու համար անհրաժեշտ է մոտ 30 միլիոն դոլար: Գյումրիում դեռեւս 4 հազար ընտանիք ապրում է վագոն-տնակներում:

Երկրաշարժի էպիկենտրոն Նալբանդ գյուղի բնակիչները այսօր «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասացին, թե իրենց գյուղում վերջին տները կառուցվել են դեռ խորհրդային տարիներին:

«Մեր գյուղում ոչ մի բան էլ չի փոխվել: 270 տնտեսություն տուն չունեն», - ասաց տարեց մի նալբանդցի: - «ժողովրդի կեսը հիմա ապրում են արդեն փտած վագոն-տնակներում»:

Սպիտակում, ի տարբերություն նալբանդցիների, մարդիկ նշում էին, թե երկրաշարժից գրեթե ամբողջությամբ ավերված քաղաքում անցած 17 տարիների ընթացքում շատ բան է փոխվել: «Ամեն ինչ էլ փոխվել է, դեպի լավն է գնում», - ասաց երիտասարդ մի կին:

Այստեղ էլ, սակայն, շատերը տնակներում են ապրում: «Աղետի գոտի հասկացությունը չի վերանա», - պնդեց տնակում բնակվող մի երիտասարդ՝ փաստարկելով. - «Եթե մարդիկ ապրում են ինձ պես՝ վագոն-տնակում, ինչպե՞ս պիտի վերանա աղետի գոտին»:


Աստղիկ Բեդեւյան, Շաքե Ավոյան եւ Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG