Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Անկախ քաղաքական դաշտի ելեւէջներից, անկախ գաղափարական մենամարտերից՝ Սպիտակը, Գյումրին, Վանաձորը ձերբազատվում են տնակային տեսքից, տուժածի հոգեբանությունից, անօգնականի հուսահատեցնող հոգեվիճակից», - գրում է այսօր «Հայաստանի Հանրապետություն»-ը:

«Երկրաշարժից դասեր չառանք» վերնագրի ներքո «Ազգ»-ը փաստում է. - «Երեւանում եւ հանրապետության մյուս հատվածներում երկրաշարժից հետո բուռն թափով շարունակվում են ապօրինի կառուցապատումները: Շենքերի հիմքերը խարխլելով եւ սեյսմիկ անվտանգության բոլոր կանոնների շրջանցումով՝ նկուղային հարկերը վաճառասրահներ ու սպասարկման այլ օջախների վերածվեցին: Ներբնակարանային ինքնագլուխ միջամտությունները սովորական, ընդունելի իրողություն դարձան»:

«Սահմանադրական հանրաքվեից հետո ընդդիմության առաջնորդները շրջանառության մեջ դրեցին այսպես կոչված Հայաստանի Չորրորդ հանրապետություն ստեղծելու պահանջը՝ ճգնելով տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 27-ը Երրորդ հանրապետության վախճանն էր», - ձեւակերպված ներկայացնում է «Հայոց աշխարհ»-ը՝ ի պատասխան մեկնաբանալով. - «Նոյեմբերի 27-ի հանրաքվեն տապալելու իր անհաջող փորձից հետո ընդդիմությանն անհրաժեշտ է շարունակաբար ընդլայնել «մեղավորների» ցանկը: Եվրախորհրդից, իշխանություններից, ժողովրդից հետո հերթը հասել է վերջին քավության նոխազին՝ Հայաստանի Երրորդ հանրապետությանը»:

«Հայկական ժամանակ»-ը, ընդգծելով, որ խորհրդարանի հայտարարությունների ժամը ենթակա է պարտադիր հեռարձակման Հանրային հեռուստատեսությամբ եւ այս հնարավորությունը ընդդիմությունը մտադիր էր օգտագործել, որպեսզի մարդկանց իրազեկի ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքի մասին, բխեցնում է. - «Կասկածից վեր է, որ այդ դեպքում հանրահավաքի մասնակիցների թիվը զգալիորեն կմեծանար, քանի որ ընդդիմությունը հայտարարությունների ժամին խոսելու էր հանրահավաքին բոլորովին նոր մարտավարությամբ ներկայանալու մասին: Բայց ընդդիմության այս ամբողջ ծրագիրը իշխանությունը տապալեց ընդամենը մեկ քայլով՝ ԱԺ-ում քվորում չապահովելով: Իշխանությունն ընդդիմության քայլերին ի պատասխան ունի «հստակ հակաքայլեր», ինչն էլ հերթական անգամ արվեց», - եզրափակում է մեկնաբանը:

«Հավանաբար, նիստերի բոյկոտն ուղղված է նաեւ Ազգային ժողովի նախագահի դեմ», - «Առավոտ»-ում ենթադրում է ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը՝ փաստարկելով. - «Որոշակի դժգոհություն կա նրանից հենց կոալիցիայի ներսի այլ ուժերի կողմից»: «Ես ենթադրում եմ, որ այս ձեւով փորձում են վարկաբեկել Արթուր Բաղդասարյանին, քանի որ Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգով խոսնակն է ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը», - թերթում նշում է Վիկտոր Դալլաքյանը՝ հավելելով. - «Արթուր Բաղդասարյանի կեցվածքը նրա կողքին նստող երկու անձանց համար կարծես անընդունելի է: Նրանք նախօրեին հրճվում էին ԱԺ նախագահի համար ստեղծված ծանր վիճակի կապակցությամբ: Ես անթույլատրելի եմ համարում, որ կոալիցիայի մեջ գտնվող երկու ուժերը նման վերաբերմունք են ցուցաբերում ԱԺ նախագահի նկատմամբ, դա համարում եմ քաղաքական, մարդկային եւ բարոյական տեսակետից անընդունելի»:

«Եթե այսպես շարունակվի, երեւի անհրաժեշտ լինի մտածել նոր կառավարություն ձեւավորելու մասին, ընդ որում՝ այնպիսի կառավարություն, որը կկարողանա ԱԺ-ում ապահովել մեծամասնություն», - «Առավոտ»-ում ասում է «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:

«Հետեւելով հերթական խառնաշփոթին, որ տիրում է խորհրդարանում վերջին երկու օրերին եւ պատգամավորների ճնշող մեծամասնության պահվածքին՝ ավելորդ անգամ համոզվում ես, որ հայրենի քաղաքական դաշտի բնույթն ինքակործան է», - ձեւակերպել է «Հայոց աշխարհ»-ը:

Արձագանքելով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը, թե գազը էժան էր Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական հարաբերությունների շնորհիվ՝ «Հայկական ժամանակ»-ը շարունակում է. - «Մովսիսյանը, սակայն, չի հիշատակել, որ երեւի հենց այդ անձնական հարաբերությունների շնորհիվ է Ռուսաստանը անտրամաբանական ցածր գնով ձեռք բերել մեր ՀԷԿ-երի «Սեւան-Հրազդանյան» կասկադը: Նախարարը չի հիշատակել նաեւ, որ «Գույք՝ պարտքի դիմաց» մութ գործարքով Ռուսաստանին է անցել մեր հզորագույն էլեկտրակայանը՝ Հրազդանի ՋԷԿ-ը»:

«Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը ավարտեց լրագրող Թերեզա Ասատրյանի գործի քննությունը եւ նրան դատարանի դահլիճից ազատ արձակեց», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Վեցուկես ամիս նստելուց հետո պարզվեց, որ լրագրողը, փաստորեն, հանցանք չի կատարել եւ տուգանք ենթադրող հոդվածով մոտ կես տարի ազատազրկվել է... Ո՞վ է պատասխան տալու այս ապօրինության համար», - հարցնում է թերթը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG