Մատչելիության հղումներ

logo-print

Իրավապահները փորձում են խոչընդոտել ընդդիմության աջակիցների մասնակցությունը հերթական հանրահավաքին


Գալիք ուրբաթ հայաստանյան միացյալ ընդդիմության հրավիրած հերթական հանրահավաքից առաջ, ընդդիմության ղեկավարների եւ աջակիցների պնդմամբ, իրավապահները «բացատրական աշխատանք» են տանում հանրահավաքի հնարավոր մասնակիցների շրջանում:

«Հանրապետություն» կուսակցության Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար Սաշա Սայադյանին եւ կառույցի անդամ Արայիկ Խալաֆյանին ողջ անցած գիշերը պահել են տեղի ոստիկանական բաժանմունքում այն բանից հետո, երբ վերջիններս հրաժարվել են պարտավորագիր ստորագրել, թե չեն մասնակցի ուրբաթ օրը Երեւանում կայանալիք հանրահավաքին:

«Միլիցիայի փոխգնդապետ պարոն Աֆյանը [Չարենցավանի ոստիկանության պետի տեղակալը] փորձում էր մեզ համոզել, որ պարտավորագիր գրենք, որ ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին չենք մասնակցելու: Մենք, բնականաբար, հրաժարվեցինք, ինչի արդյունքում ողջ գիշեր մնացինք աթոռների վրա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաշա Սայադյանը՝ ավելացնելով, որ Աֆյանը փորձել է նաեւ բացատրել իրենց, որ հանրահավաքներին մասնակցելն «անիմաստ բան է»՝ միեւնույն է ոչնչի չեն հասնելու, ընդամենը իրենց են վտանգի տակ դնում ու ոստիկանական բաժանմունքների վրա «վերեւներից» խոսակցություն են բերում:

Սայադյանի խոսքերով, ընդդիմության ամեն մի հանրահավաքից առաջ ոստիկանության բաժանմունք վաղ առավոտից բերման ենթարկվելն իրենց համար արդեն սովորական երեւույթ է:

«Բացատրական աշխատանքներ» տարվում են ոչ միայն Չարենցավանում, այլեւ Արմավիրում եւ Բաղրամյանի շրջանում:

Արմավիրում այս օրերին ոստիկանություն բերման է ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության Արմավիրի կառույցի ղեկավար Պողոս Աբրահամյանը: Բաղրամյանի շրջանում, ԱժՄ (Ազգային ժողովրդավարական միության) նախագահ Վազգեն Մանուկյանի փոխանցմամբ, այսօր ոստիկանություն է տարվել ԱԺՄ Բաղրամյանի կառույցի ղեկավար Լավրենտի Կիրակոսյանը:

Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Սայաթ Շիրինյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, կտրականապես հերքեց, թե մարդկանց ստիպում են պարտավորագրեր ստորագրել: «Նման բան չկա: Ես վստահ եմ, որ ոչ մեկին պարտավորագիր ստորագրել չեն տալիս», - ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմադիրներին կանչում են ոստիկանության բաժանմունքներ եւ «պարզապես զգուշացնում, որ անօրինական գործունեությամբ են զբաղված»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG