Մատչելիության հղումներ

Երեւանի մարզահամերգային համալիրի վերականգնման աշխատանքները կսկսվեն գարնանը


Ռուսաստանյան ԲԱՄՕ շինարարական հոլդինգը մտադիր է սկսել Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնի շինարարական-վերականգնման հիմնական աշխատանքները 2006 թվականի գարնանը:

Հոլդինգի ներկայացուցիչ Մասիս Խաչատրյանը «Ռեգնում» գործակալությանը հայտնել է, թե ընկերությունը արդեն պատվիրել է համալիրի վերակառուցման մի քանի նախագծեր, եւ ընտրված նախագծից են կախված լինելու ներդրումների ծավալները: Նախնական հաշվարկներով, համալիրի վերականգնման ծրագրին նախատեսվում է հատկացնել 10-25 միլիոն դոլար:

Խաչատրյանի խոսքերով, համալիրի գազիֆիկացման եւ ջեռուցման համակարգի վերականգնման նպատակով արդեն ծախսվել է շուրջ 400 հազար դոլար, իսկ մերձակա տարածքի բարեկարգման համար՝ շուրջ 300 հազար դոլար:

ԲԱՄՕ ընկերությունը, որը նախագահը ռուսաստանաբնակ գործարար Մուրադ Մուրադյանն է, մարզամշակութային կենտրոնի սեփականատեր է դարձել այս տարվա սեպտեմբերին:

Հայաստանի կառավարության 1998 թվականի որոշմամբ, համալիրը գնահատվել էր 5 մլն 935 հազար դոլար: Գնորդի առաջարկով վաճառքի գին էր սահմանվել նշված գումարի 90 տոկոսի չափով: ԲԱՄՕ-ն նաեւ իրավունք է ստացել 50 տարով վարձակալելու կառույցի զբաղեցրած հողատարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG