Մատչելիության հղումներ

Ռազմիկ Սարգսյանը շարունակում է հացադուլը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր այցելելու է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում ավելի քան 100 օր առաջ հայտարարած հացադուլը շարունակող Ռազմիկ Սարգսյանին, ով մեղադրվում է երկու զինծառայողների սպանության մեջ:

Թեեւ Սարգսյանի փաստաբանները պնդում են, թե իրենց պաշտպանյալի առողջական վիճակը ծայրահեղ վատ է ու նա հիվանդանոցային բուժօգնության կարիք ունի, մեկուսարանի ղեկավարությունը ճիշտ հակառակ կարծիքի է:

Երեքշաբթի ամբաստանյալ Սարգսյանին բժշկական զննության ենթարկելու նպատակով մեկուսարան այցելած դիագնոստիկ կենտրոնի մասնագետ Վալերի Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ռազմիկ Սարգսյանը հրաժարվել էր հետազոտվել առանց փաստաբանների ներկայության:

Աղմուկ հանած այս գործով զբաղվող լրագրողներներն էլ արդեն մի քանի օր է չեն կարողանում այցելել ամբաստանյալին. փաստաբանները պնդում են, թե իրենց պաշտպանյալը ֆիզիկապես ի վիճակի չէ հանդիպելու եւ պատասխանելու լրագրողների հարցերին:

«Ես այսօր ստիպված էի գնալ մեկուսարան եւ ինքնս հանդիպեցի ու զրուցեցի Ռազմիկ Սարգսյանի հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արդարադատության նախարարության մամլո խոսնակ Արա Սաղաթելյանը: - «Տեւական զրույց ունեցա տղայի հետ: Ինձ հետ շփվելուց Սարգսյանը, սովորաբար, իրեն վատ չի զգում (սա երկրորդ շփումն է): Կարող է, որոշակի հյուծվածություն կա, սակայն մենք շատ հանգիստ շփվեցինք՝ առանց երրորդ անձանց ներկայության»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG