Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վետոյի պատճառով ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 13-րդ տարեկան համաժողովը Լյուբլյանայում երեքշաբթի այդպես էլ չկարողացավ եզրափակիչ փաստաթուղթ ընդունել: Պաշտոնական Մոսկվան արգելափակեց ԵԱՀԿ այն նախաձեռնությունները, որոնք Ռուսաստանից պահանջում էին զորքերը դուրս բերել Մերձդնեստրից եւ Աբխազիայից:

Ի պատասխան Ռուսաստանի դիրքորոշման, Միացյալ Նահանգները հայտարարեց, թե չի ստորագրի սովորական սպառազինությունների սահմանափակման շուրջ համաձայնագիրը: Տրամագծորեն հակադիր էին նաեւ կողմերի մոտեցումները անդամ երկրներ ուղարկված ԵԱՀԿ դիտորդների կարգավիճակի վերաբերյալ:

Ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելը ստիպված էր բավարարվել եզրափակիչ հայտարարությամբ: Չնայած կազմակերպության ներսում տիրող տրամադրություններին ու առկա տարաձայնություններին, հայտարարությունը բավական լավատեսական տոնայնություն ուներ եւ կրում էր «Նայելով առաջ» վերնագիրը:

Հայտարարության մի հատվածը վերաբերում էր Հարավային Կովկասին: ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանում սպասվող քաղաքական գործընթացների առումով բավական լավատես է, թեեւ նշում է, որ Ադրբեջանի վերջին ընտրություները չէին համապատասխանում ԵԱՀԿ որոշ չափանիշներին՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին եւ ընդդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ:

«Չնայած այս ամենին, Ադրբեջանը նոր դարաշրջանի շեմին է: Այս պարագայում քաղաքական կայունությունը շատ կարեւոր է. կայուն Ադրբեջանի առկայությունը կարող է իրական հնարավորություն ստեղծել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության կարգավորման համար», - հայտարարել է Դիմիտրի Ռուպելը:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման ընթացքին, ապա ԵԱՀԿ գործող նախագահը պնդել է. - «Համոզված եմ, մենք հարցի լուծման եզրագծին ենք»:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, թե «կարեւոր է շարունակել ընթացքը դեպի հարցի վերջնական լուծում, բանակցությունների տեմպի դանդաղեցումը հակասում է տարածաշրջանի երկու պետությունների շահերին»:

Դիմիտրի Ռուպելը հիշատակել է նաեւ Վրաստանը՝ կոչ անելով ԵԱՀԿ-ում հաջորդ տարի նախագահող Բելգիայի ներկայացուցիչներին՝ «ակտիվորեն նպաստել Թբիլիսիի եւ Ցխինվալիի միջեւ երկխոսության խորացմանը»:

Ինչ վերաբերում է Կոսովոյի խնդրին, ապա ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել է, որ «Կոսովոյի հարցը պետք է լուծվի, որքան շուտ՝ այդքան լավ»: Նման միանշանակ պնդում Հարավային Կովկասի պարագայում Ռուպելի հայտարարության մեջ չկա. - «Եկող տարի Սլովենիայի աշխատանքից օգուտ քաղելու իրական հնարավորություն է առկա՝ Ղրղըզստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում եւ Վրաստանում»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG