Մատչելիության հղումներ

Ճապոնիայում դատելու են անբարեխիղճ ճարտարապետի


Ճապոնիայում մեղադրանք է ներկայացվել ճարտարապետ Խիդեցուգու Անեխային, որը նախագծել է Ճապոնիայում ընդունված սեյսմակայունության խստագույն պահանջներին չհամապատասխանող 55 շենք: Շենքերը կառուցվել են մի շրջանում, որտեղ ստորգետնյա ցնցումները հազվադեպ չեն: Ճարտարապետը խոստովանել է, որ միտումնավոր է խախտել գործող պահանջները:

Ըստ «Իոմիուրի» պարբերականի, պատճառը շատ պարզ է. շինարարական ընկերությունը ճարտարապետից պահանջել է ցանկացած գնով իջեցնել նախագծային արժեքը, ինչի նպատակով էլ Անեխան ստիպված պակասեցրել է պահանջվող ամրալարի թիվը եւ նախագծել ավելի բարակ պատեր:

Ճարտարապետը նախագծել է տասնյակ շենքեր եւ հյուրանոցներ: Մանսագիտական խմբերի ու իրավապահ մարմինների իրականացրած հետազոտությունները վկայում են, որ Անեխայի նախագծած շենքերից առնվազն 13-ը չեն դիմանա Ռիխտերի սանդղակով նույնիսկ 5 բալլանոց երկրաշարժի:

Մայրաքաղաք Տոկիոյում եւ հարեւան Տիպա շրջանում ճարտարապետի նախագծած 13 շենքերը ամրացնելու համար կպահանջվի շուրջ 14 միլիարդ իեն (118 միլիոն դոլար): Ճապոնական բանկերի միությունը որոշել է իջեցնել այդ շենքերում բնակարաններ գնելու նպատակով քաղաքացիների վերցրած վարկերի տոկոսադրույքը: Կառավարությունը շենքերի վերանորոգման ընթացքում բնակիչներին անվճար կտրամադրի հեռախոսակապով եւ անհրաժեշտ բոլոր ծառայություններով ապահովված բնակարաններ:

Ճապոնիայի իշխանությունների որոշմամբ, անցած 5 տարում կառուցված մեծ թվով շենքերում պարտադիր մասնագիտական ստուգումներ են անցկացվելու, իսկ անբարեխիղճ ճարտարապետ Անեխային առաջիկա օրերին հարցաքննելու են:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG