Մատչելիության հղումներ

Շուրջ 4 հազար գյումրեցիներ շարունակում են բնակվել տնակներում


Ազգային ժողովում աղետի գոտուց ընտրված պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի տվյալներով, Սպիտակի ավերիչ երկրաշարժից 17 տարի անց շուրջ 4 հազար գյումրեցիներ շարունակում են բնակվել տնակներում:

«Այս առումով աշխատանքներ իրականացվում են, եւ անցած տարի Գյումրիում բնակարանների գնմանը հատկացվեց 1 միլիարդ դրամ, իսկ այս տարի այդ գումարին ավելացվելու է շուրջ 900 միլիոն: Սակայն գործընթացը շատ դանդաղ է ընթանում. բոլորս գիտենք, որ այսօր շուկայական գների եւ քաղաքացիներին բնակարան գնելու նպատակով տրված վկայականների միջեւ էական տարբերություն կա՝ շուրջ 30 տոկոս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննես Մարգարյանը:

Պատգամավորի խոսքերով, Գյումրիում տնակներում բնակվող մարդկանց թիվը կպակասի միայն բնակարանների գնման վկայականների ծրագրով բնակարաններ գնածների հաշվին: Մարգարյանի տվյալներով, ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է նոր բնակարաններ Գյումրիի 540 ընտանիքների համար, դեռ երկու ամիս առաջ վկայական էին ստացել 144 ընտանիք: Նման ցածր ցուցանիշը Մարգարյանը բացատրում է նրանով, որ վկայականները տրվում են ոչ թե ուղղակի բնակարաններ ձեռք բերելու համար, եւ սա ուղղակի աջակցություն է պետության կողմից:

Միեւնույն ժամանակ, ըստ Մարգայանի, նկատելի են դպրոցաշինության ոլորտում կատարված աշխատանքները. - «Այսօր կարելի է արձանագրել, որ աղետի գոտում, մասնավորապես՝ Գյումրիում, 90 տոկոսով լուծված է դպրոցաշինության խնդիրը»:

Հովհաննես Մարգարյանը նաեւ նշեց, որ Գյումրին հանրապետությունում առաջին տեղն է զբաղեցնում արտագաղթի եւ գործազրկության ցուցանիշներով. - «Ցավոք, Գյումրիում գործազրկությունը կազմում է շուրջ 30 տոկոս»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG