Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մասնագետները շարունակում են վերջին 10 տարիներին Հայաստանի տնտեսական բարեփոխումների փորձը մատուցել իբրեւ օրինակ անցումային եւ զարգացող երկրների համար։ Հիմնադրամի՝ այսօր ներկայացրած «Տնտեսական աճը եւ աղքատության կրճատումը» Հայաստանում գրքում հենց նման գնահատական է տրված։

ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Ջեյմս ՄըքՀյուն Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում հրավիրած ասուլիսում այդ կապակցությամբ հայտարարեց, թե վերջին հինգ տարիներին Հայաստանի տնտեսությունը շրջադարձ է ապրել. իրական տնտեսական աճը կազմել է 11 տոկոս, միջին տարեկան սղաճը 3 տոկոս, իսկ աղքատությունը եւ անհավասարությունը նվազել են։ Հայաստանը այդ ցուցանիշներով գերազանցել է ցածր եկամուտներ ունեցող այլ երկրներին։

Ուշագրավ է, որ, ի տարբերություն Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի՝ վերջերս շրջանառության մեջ դրած մի զեկույցում ճիշտ հակառակ գնահատականներ են տրվել տնտեսական աճի աղբյուրների վերաբերյալ, որտեղ ասվել է, որ տնտեսական աճը առավելապես ձեռք է բերվել 90-ական թվականների առաջին կեսին կատարված տնտեսական բարեփոխումների հետեւանքով։ Նման գնահատականները, սակայն, ըստ պարոն ՄըքՀյուի, պարզապես հետեւանք են այն բանի, որ «մարդիկ տեղեկատվության պակաս ունեն»:

«Մինչեւ այս գրքի գրելը մենք հասկացանք, որ գիտելիքների եւ ըմբռնման որոշակի պակաս կա այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում. շատ քիչ բացատրություններ կային վերջին հինգ տարիների զարգացումների վերաբերյալ», - ասաց նա։

Ինչ վերաբերում է տնտեսական եւ սոցիալական ձեռքբերումների բուն պատճառներին, ապա ըստ ՄըքՀյուի, բարձր տնտեսական ցուցանիշների հիմնական պատճառները իշխանությունների շրջահայաց տնտեսական քաղաքականությունը, ազատականացված առեւտուրը, ճկուն փոխարժեքը, եւ ճիշտ ժամանակին արված կառուցվածքային բարեփոխումներն են։ Այսինքն՝ ամեն ինչ վերագրվում է իշխանություններին եւ ոչ մի խոսք, ասենք, դրսից, առավելապես Ռուսաստանից փոխանցվող ահռելի մասնավոր դրամական օգնությունների մասին։

Ջեյմս ՄըքՀյուն այն կարծիքին է, որ Հայաստանի տնտեսական ձեռքբերումներ ավելի մեծ կլինեին, եթե չլիներ շրջափակումը ադրբեջանական եւ թուրքական կողմերից:

«Հայաստանը ինչ-որ չափով հարմարվել է այն միջավայրին, որում հայտնվել է։ Երկիրը անցել է տրանսպորտային քիչ ծախսեր պահանջող արտադրությունների, թեեւ սահմանների փակ լինելը լուրջ պրոբլեմներ է հարուցել։ Այդուհանդերձ, սահմանների բացումը կարող է նպաստել տնտեսության եւ առեւտրի հետագա աճին», - ասաց ԱՄՀ-ի ներկայացուցիչը։

Այսօր հրապարակված զեկույցում նաեւ նշված է, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների վերաբացման դեպքում Հայաստանի արտաքին առեւտուրը 39 տոկոսի աճ կունենա։

Զեկույցում ԱՄՀ-ն ոչ միայն գնահատել է Հայաստանի նախորդ տասնամյակը, այլեւ փորձել է կանխատեսել առաջիկա տասնամյակը։ Ընդ որում, առանձնացվել են երկու հնարավոր սցենարներ՝ հիմնական աճի սցենար եւ արագացված աճի սցենար։ Առաջինի դեպքում հետագա 5 տարիներին տնտեսությունը կաճի միջինը 6 տոկոսով, իսկ արագացված աճի դեպքում՝ միջինը 10 տոկոսով։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք արագացված աճի դեպքում ենթադրվում է, որ լուծվելու է Ղարաբաղյան հիմնախնդիրը ու բացվելու է հայ-թուրքական սահմանը, ՄըքՀյուն պատասխանեց. - «Սցենարները մշակվել են առանց ստատուս քվոյի փոփոխման»: «Արժույթի միջազգային հիմնադրամը քաղաքական մարմին չէ, այլ տեխնոկրատ կառույց է ու նման հարցեր չի մեկնաբանում», - հավելեց ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG