Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսներն ու վրացիները կրկին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում


Ռուս-վրացական հարաբերություններում առկա ճգնաժամը շարունակվում է: Ռուսաստանյան հեռուստաընկերություններից մեկով Վրաստանի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Իգոր Գեորգաձեի ելույթի կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածած հայտարարությամբ պահանջել է անհապաղ ձերբակալել եւ Վրաստանի իրավապահներին հանձնել Գեորգաձեին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, հանդես է եկել Հարավային 0սիայի հակամարտությանը վերաբերող հայտարարությամբ:

«Հաշվի առնելով իրավիճակի սրումը, հարկ է անհապաղ գումարել վրաց-օսական խառը հանձնաժողովի արտակարգ նիստ», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում:

Ըստ ռուսների, վրացական կողմը պարբերաբար գնդակոծում է հարավօսական պահակակետերը, շրջափակում է անդրկովկասյան մայրուղին, խափանում է ռուսական եւ հարավօսական պետհամարանիշներով տրանսպորտի երթեւեկությունը, սպառնալիքներ է հնչեցնում Հարավային 0սիայի ղեկավարների, ինչպես նաեւ ռուս խաղաղապահների հասցեին:

Վերջերս Հարավային 0սիայում առեւանգել եւ դաժաբար սպանել են տեղաբնակ մի վրացու: Վրացիները պնդում են, որ ռուս խաղաղարարները «մատը մատին չեն խփել այդ մարդուն փրկելու համար»:

Կոնֆլիկտների կարգավորման հարցերով պետնախարար Գեորգի Խաինդրավան այդ առիթով ասել է, որ կիսում է վրացիների վրդովմունքը, սակայն բոլորին կոչ է անում չսրել իրավիճակը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG