Մատչելիության հղումներ

20-ամյա ուսանողուհին մահացել է բուհում


Դեպքը պատահել է առավոտյան 8:15-ին, դասերն սկսվելուց 15 րոպե առաջ: Նույն կուրսի ավագ Զարուհու խոսքերով, Ռուզանը միշտ էր շուտ գալիս դասի: Աղջկան այդ օրը ոչ ոք չի տեսել: Իրենք միայն գտել են լսարանում թողած պայուսակը: «Պայուսակում մի թերթիկ կար, որի վրա գրված էր, որ իր ընտանիքը այլեւս չի կարող վճարել ուսման վարձը», - ասաց Զարուհին: Կուրսի ավագի տվյալներով, սակայն, Ռուզանի առաջին կիսամյակի ուսման վարձը վճարված էր: 2֊-րդ կիսամյակինը, ինչպես Ռուզանի մայրն է աղջկա կուրսեցիներին հայտնել, արդեն պատրաստ էր ու գտնվում էր բանկում:

Ռոմանագերմանական ֆակուլտետում տարեկան ուսման վարձը 450.000 դրամ է:

Բուհի ղեկավարությունից որեւէ բան ճշտել չհաջողվեց, քանի որ, բուհի անվտանգության ծառայության պետի խոսքերով, ղեկավարությունն արգելել է լրագրողների մուտքը համալսարանի տարածք: Մեր հեռախոսազանգերն էլ մնացին անպատասխան:

Ռուզանի կուրսեցիներից իմացանք, որ Ռուզանը բավական ինքնամփոփ աղջիկ էր: Անգլերենի դասախոս Զարուհի Աստվածատրյանն ասում է, որ Ռուզանը միշտ պատրաստ էր լինում դասերին: «Միշտ օրինակելի ու պատրաստ էր», - ասաց նա: -«Շատ նուրբ, սուսիկ-փուսիկ անձնավորություն էր: Նրան բոլորը սիրում էին»:

Ընտանիքում միակ երեխան էր, ապրում էր մոր հետ: Հակառակ ուսանողներից մեկի պնդումներին, թե Ռուզանն ասել էր, որ այդ առավոտ տանից դուրս գալիս վիճել է մոր հետ, մայրը կուրսեցիներին պատմել է, թե աղջիկն իրեն համբուրել է ու դասի գնացել:

Թեեւ Ռուզանը երբեք չի սիրել պատմել իր կյանքի մանրամասներից, կուրսի ավագը վստահեցնում է, որ նա որեւէ կապ չի ունեցել կրոնական կազմակերպությունների հետ: Զառայի խոսքով՝ Ռուզանը նաեւ չուներ սիրած տղա:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունից Սամվել Զաքարյանը «Մաքսլիբերթի»-ին տեղեկացրեց, որ փաստի առիթով գործ է հարուցվել, բայց նախաքննության գաղտնիությունը պահանջում է չհրապարակել ոչ մի փաստ ու վարկած:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG