Մատչելիության հղումներ

«Շերիֆը»՝ երեւանյան փողոցներում


Շերիֆ Աբոն հայ է, բնիկ երեւանցի: Երեւանի միակ շերիֆն է, իհարկե, ոչ իրական, քանի որ Հայաստանում իրական շերիֆներ չկան: Սակայն դա չի հուզում Ալբերտ Սիմոնյանին, քանի որ շերիֆ լինելը իր համար օդ ու ջրի պես մի բան է, իր կյանքի հետաքրքրությունը:

«Սա ինձ ջահելացնում է, ես հիմա թոռներիս նույնիսկ թույլ չեմ տալիս ինձ պապիկ անվանել, ինձնից ի՞նչ պապիկ, ես իրենց ընկերն եմ», - ասում է Շերիֆ Աբոն:

Ալբերտ Սիմոնյանը «վայրի Արեւմուտքով» սկսել է հետաքրքրվել 60-ական թվականներից՝ այն օրից, երբ տեսել է առաջին վեսթերն ֆիլմերը` «Հրաշալի յոթնյակը», «Էլդորադոն»: Նա, կարծես, սիրահարվել է այդ ֆիլմերի ազատ, ինքնիշխան հերոսներին, ովքեր չեն սիրում երկար խոսել, բայց գործում են հստակ ու արդարություն են հաստատում իրենց շրջապատում:

Ալբերտ Սիմոնյանի խոսքերով, այնքան էլ հեշտ չի եղել կերտել Շերիֆի կերպարը: Դժվար է եղել կովբոյական հագուստ հայթայթել, երկարաճիտ կոշիկների վրա հարմարեցնել հատուկ աստղաձեւ խթաններն ու ծալովի դանակները: Ալբերտն այդ ամենը հավաքել է տարիների ընթացքում, շատ դեպքերում էլ ինքն է պատրաստել` կարել է, ամրացրել ու հարմարեցրել:

Շերիֆ Աբոն զենք էլ ունի՝ ի՞նչ շերիֆ առանց ատրճանակի: Ատրճանակը, ճիշտ է, գազային է, սակայն այն շատ նման է շերիֆների կոլտերին:

Ալբերտ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարվել իր կերպարից, եւ չի հանի իր հագուստը երբեք՝ միշտ մնալով Երեւանի շերիֆ Աբոն:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG