Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով


Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերը երկուշաբթի օրը պահանջեցին ստեղծել նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Խորհրդարանական մեծամասնությունը մերժեց ընդդիմադիրների պահանջը:

Ազգային ժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի կարծիքը հստակ էր՝ եթե ընդդիմության ձեռքի տակ կան փաստեր, դրանք պետք է ուղարկվեն դատախազություն:

«Ընդհանուր առմամբ, [հանրաքվեի անցկացումը] համապատասխանել է միջազգային չափանիշներին, եւ նաեւ՝ եղել են լուրջ չարաշահումներ», - ասաց Բաղդասարյանը: - «Ես անընդունելի եմ համարում բոլոր այն մարդկանց քայլերը, որոնք արջի ծառայություններ են մատուցել, որովհետեւ դրանց անհրաժեշտությունը ամենեւին չկար... Յուրաքանչյուր նման դեպք պետք է խիստ իրակավական ու քաղաքական գնահատականի արժանանա: Իրավապահ մարմինններն էլ պետք է գտնվեն համապատասխան հարթության վրա՝ բողոքները լուրջ ուսումնասիրեն, մարդկանց պատասխանատվության ենթարկեն»:

«Արդարություն» խմբակցությունը, մինչդեռ, պնդում է, որ իրենք խոսում են խորհրդարանական վերահսկողության մասին եւ հատկապես դատախազությանը չեն վստահում:

«Այդ ժամանակավոր հանձնաժողովը հնարավորություն կունենա լսելու 1922 ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահներին», - ասաց խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Կան գյուղեր, որտեղ 1500 ընտրող է եղել, 1600 մարդ է մասնակցել [հանրաքվեին]»:

Դալլաքյանի համոզմամբ, դատախազությունը պետք է կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի Ազգային ժողովին. - «Այսինքն՝ դատախազությունը հաշվետու է դառնում Ազգային ժողովին. սա է ամբողջ աղը եւ նրբությունը»:

«Հակառակ պարագայում», - շարունակեց ընդդիմադիր պատգամավորը, - «այն դատախազությանը, որին դուք առաջարկում եք նյութեր ուղարկել. մենք այդ դատախազությանը չենք վստահում»:

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ստորագրակավաք, այդուհանդերձ, չի սկսվել (անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն): Դալլաքյանի պնդմամբ՝ ինքը «բանավոր հայտարարություն է արել եւ սպասում է բանավոր պատասխանի»: Կոալիցիայում, սակայն, չեն էլ պատրաստվում պատասխանել:

«Վիկտոր Դալլաքյանը մեզ չի դիմել. դիմել է «Օրինաց երկրին», - ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: - «Եվ մենք որեւէ խնդիր այստեղ չունենք: Ձեւաչափը իրենք թող նախաձեռնեն՝ իրենք էլ իրականացնեն: Դաշնակցությունը իր տեսակետը կհայտնի այդ առումով»:

Իրենց անհամաձայնությունը հետեւյալ կերպ է մեկնաբանում Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. - «Բնականաբար, Հանրապետականը չի ստորագրի, որովհետեւ ընտրական գործընթացները կարող են ստուգել-ուսումնասիրել միայն ու միայն ընտրական հանձնաժողովները եւ նաեւ՝ դատական: Այն սցենարը, ինչը Ընտրական օրենսգրքով կա»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG