Մատչելիության հղումներ

logo-print

Արտաքին ներդրումները աճել են շուրջ 30 տոկոսով


Ազգային վիճակագրական ծառայության գնահատումների համաձայն, այս տարվա առաջին ինը ամիսներին արտաքին բոլոր աղբյուրներից Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրվել է շուրջ 225 միլիոն դոլար։ Այդ գումարի կեսից ավելին՝ կամ մոտ 138 միլիոն դոլարը, արտաքին ուղղակի ներդրումներ են։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին ներդրումները Հայաստանում ավելացել են շուրջ 30 տոկոսով։ Այսպես շարունակվելու դեպքում մինչեւ տարեվերջ, ամենայն հավանականությամբ, կգերազանցվի նախորդ տարվա կես միլիարդ դոլար ներդրումների ցուցանիշը։

Առաջատարը Հունաստանն է. այս երկրից Հայաստան մտած ներդրումներն ավելացել են ավելի քան 22 տոկոսով՝ բացարձակ գումարով կազմելով շուրջ 68 միլիոն դոլար։ Անշուշտ, ներդրողը «ԱրմենՏել»-ի գլխավոր բաժնետեր հունական OTE ընկերությունն է, որը ստիպված է արագացնել ներդրումները եւ ընդլայնել դրանց աշխարհագրությունը՝ հատկապես ի հաշիվ հանրապետության մարզերի բնակավայրերի հեռախոսակապի թվայնացման, ինչպես նաեւ շարժական կապի ծառայություների ընդլայնման։ Այս առումով, անկասկած, իր խթանող դերն է խաղացել շարժական կապի հայաստանյան շուկա երկրորդ օպերատորի մուտքը:

Ներդրողների ցուցակում երկրորդը Ռուսաստանն է։ Այդ երկրից Հայաստանի տնտեսության մեջ նեդրվել է 36 միլիոն դոլար։ Այդուհանդերձ, ուղղակի ներդրումները այդ երկրից կրճատվել են ավելի քան 3/4-ով։ Այս պահի դրությամբ, ռուսական ներդրումներից ամենանշանակալիցը «Արմենալ»-ի սեփականատեր «Ռուսսկի ալյումին» խմբի կողմից գերմանական աղբյուրներից արված ներդրումն է։

Հայաստանի արտաքին ներդրողների ցուցակում գումարային առումով երրորդը Գերմանիան է՝ շնորհիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արված 29 միլիոն 200 հազար դոլար ներդրման։

Արտաքին ներդրողների ցուցակում լուրջ դիրք է զբաղեցրել նաեւ Արգենտինան. ներդրումներն այս երկրից հիմնականում կատարվել են «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ ընկերության՝ Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն դե Ամերիկա»-ի կողմից։ Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի փոխանցմամբ, ներդրումներ արվել ոչ միայն օդանավակայանի նոր տերմինալի կառուցման, այլեւ արդեն գործող մասնաշենքերի հիմնանորոգման վրա։

Արտաքին խոշոր ներդրողների ցուցակում բարձր դիրքեր ունեն նաեւ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆը, Կիպրոսը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG