Մատչելիության հղումներ

Երեւանի տիկնիկային թատրոնը 70 տարեկան է


250 բեմադրություն, մոտ 4 միլիոն հանդիսատես, բազմաթիվ միջազգային փառատոններ ու մրցանակներ. սրանք այն ձեռքբերումներն են, որ այսօր ամփոփում է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի աշխատակազմը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հիշեց Հովհաննես Թումանյանի հոդվածը՝ հոբելյանների դեմ, խոստովանեց, որ ինքն էլ դրանց կողմնակից չէ, բայց ընդունում է, որ հոբելյանը արդյունքներ ամփոփելու լավ առիթ է:

«70 տարվա ընթացքում տիկնիկայինի դռները ոչ մի օր չեն փակվել, նույնիսկ շատ ծանր տարիներին՝ ասենք, հայրենական պատերազմից հետո, երբ շատ թատրոններ լուծարվեցին, ստեղծվեցին հատուկ խմբեր, որոնք պահպանեցին տիկնիկայինի խաղացանկը՝ մինչեւ պետական թատրոն հաստատվելը», - ասաց նա:

70-ամյա թատրոնն այսօր նույն անսպառ ոգեւորությամբ հյուրընկալում է երեխաներին, ում տատերն ու պապերը թատրոնի առաջին այցելուներն էին:

«Փոխվում են ժամանակները, փոխվում են բարքերը, բայց՝ ո’չ երեխաները», ֊- ասում է Ռուբեն Բաբայանն ու ավելացնում. -֊ «Երեխային չի կարելի զրկել թատրոն գնալու հնարավորությունից»:

«Բայց երեխային գոհացնելն էլ հեշտ գործ չէ, պետք է միշտ անկեղծ լինես», - փաստում է փորձառու դերասանը: - «Հանդիսատեսի հետ պետք է անկեղծ գեղագիտական խոսակցություն վարել, այլապես նա, առավել եւս երեխան, որ կեղծել չգիտի, երբեք քեզ չի ների»:

Տարիների ընթացքում տիկնիկայինի խաղացանկում հայտնված անուններից շատերն այսօր էլ ազդագրում են: Դրանք հիմնականում բոլորիս ծանոթ ու սիրելի հեքիաթներն են` «Կարմիր գլխարկ»-ից ու «Շունն ու կատու»-ից մինչեւ «Ոսկե ձկնիկ»-ն ու «Երեք խոզուկներ»-ը: Թատրոնում հավատացնում են, որ դրանք միշտ լեփ-լեցուն դահլիճներ են հավաքում:

Այսօր թատրոնի խաղացանկում 28 ներկայացում կա, որոնցից 6-ը մեծահասակների համար:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG