Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել կեղծարարներին


Եվրամիությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը՝ երաշխավորել, որ նոյեմբերի 27-ի սահամանադրական հանրաքվեի ընթացքում լցոնումների հեղինակները եւ ընտրողների մասնակցության թվերը խեղաթյուրողները պատասխանատվության ենթարկվեն:

«Եվրամիությունը ողջունում է սահմանադրական բարեփոխումների գործընթացում Հայաստանի կառավարության դրական դերը եւ հույս ունի, որ կառավարության կողմից առաջարկված բարեփոխումների փաթեթը կծառայի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը», - ըստ «Ինտերֆաքս» գործակալության, ասված է Եվրամիության անունից Մեծ Բրիտանիայի դեսպանության կողմից տարածած հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, Եվրամիությունը մտահոգված է լցոնումների դեպքերի եւ տեղական դիտորդների ահաբեկման փաստերի կապակցությամբ - «Նման գործողությունները չկանխելը հարցականի տակ է դնում Հայաստանի հավատարմությունը թափանցիկությանը եւ ժողովրդավարությանը»:

Եվրամությունը հորդորում է Հայաստանի կառավարությանը եւ հատկապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «լրջորեն քննել Եվրախորհրդի դիտորդական առաքելության դիտողությունները, հետաքննել կեղծիքների մասին մեղադրանքները եւ ապահովել, որ կեղծիքների հեղինակները պատասխանատվության ենթարկվեն»:

«Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին երաշխավորել, որ ցանկացած հանրահավաք եւ բողոքի ցույց կրի բացառապես խաղաղ բնույթ», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG