Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը կտրականապես հերքեց ընդդիմության մեղադրանքները, թե նոյեմբերի 27-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքը ապահովվել է նաեւ ի հաշիվ բանակի կրկնակի քվեարկությունների հաշվին:

«Սուտ է: Այդպիսի բան չի եղել երբեք», - ասաց պաշտպանության նախարարը: - «Ընդհակառակը՝ կարող եք համեմատել, թե, ենթադրենք, անցյալ ընտրություններին, նախանցյալ ընտրություններին բանակից ինչքան մասնակցել. ցուցակները կարող եք հաշվել»:

Հարցին, թե բանակում որեւէ մեկը պաշտպանել է ընդդիմության կոչը՝ բոյկոտել հանրաքվեն, Սերժ Սարգսյանը արձագանքեց. - «Ի՞նչ բոյկոտ... Լուրջ եղեք: Անլուրջ հարցերին ես չեմ պատասխանում»:

«Հավատում եմ, որ հանրաքվեն անցել է», - հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարը: - «Ես հավատում եմ, որ մեկ երրորդից ավելին «այո» է ասել: Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի կանքն է սա»:

Պաշտպանության նախարարը լրագրողների հարցերին պատասխանեց Երեւանի Ավան թաղամասում Հայաստանի պաշտպանության նախարարության՝ 25 հեկտարանոց նոր համալիրի ապագա նիստերի դահլիճի հիմքում պարկուճի տեղադրման արարողությունից առաջ:

Հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերում ընդդիմության ներկայացրած քաղաքական դիմումին՝ անվավեր ճանաչել հարնաքվեի արդյունքները, պաշտպանության նախարարը պատասխանեց. - «Երեկ շատ ուշ եմ վերադարձել, վերջին զարգացումներին տեղյակ չեմ, բայց մի քանի հոգի կարող են մշտապես ցանկություն հայտնել անվավեր ճանաչելու հանրաքվեի արդյունքները... Չեմ կարծում, որ որեւէ հիմք կարող է հանդիսանալ»:

Իսկ տեղադրված պարկուճի մեջ ամփոփված երկլեզու գիրը՝ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մասին ու հայ ժողովրդի բարգավաճման մաղթանքով, ստորագրեցին Հայաստանի պաշտպանության նախարարն ու շինարարությունն իրականացնող ռուսական «Ինգեոկոմ» ընկերության գլխավոր տնօրենը:

Արդեն կիսակառույց ու դեռ կառուցվելիք շենքերով, ուղղաթիռի թռիչքային հրապարակով համալիրի շինարարությունն ու կառուցապատումը, ըստ «Ինգեոկոմ»-ի գլխավոր տնօրեն Ռուդյակի, ավարտին կհասցվի 2007-֊ի ապրիլին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG