Մատչելիության հղումներ

Հայաստանյան միացյալ ընդդիմության հանրահավաքն այսօր կրկին արտոնված չէր, ուստի Մատենադարանին հարող հրապարակը նախորդ անգամվա նման հոսանքազրկված էր, եւ հանդիպման համար այս անգամ էլ գեներատոր պետք եկավ:

Հանրահավաքի սկզբում չսպասված հայտարարությամբ հանդես եկավ «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը. - «Մենք հայտարարում ենք անժամկետ հացադուլ մեկ պահանջով՝ Ռոբերտ Քոչարյանի եւ իր վարչախմբի հեռացում: Խնդրում ենք եվրոպական երկրներին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին սատարել Հայաստանին ժողովրդավարական պետություն ստեղծելու գործում: Հայտարարության տակ ստորագրել են «Հանրապետություն» կուսակցության 10 ակտիվիստներ»:

Հայտարարությունն անսպասելի էր, ուստի ընդդիմության լիդերների անունից խոսքով հանդես եկավ Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանն ու կոչ արեց նրաց դեռ սպասել:

«Գնահատում ենք իրենց անձնազոհությունը, բայց խնդրում ենք տղաներին հետաձգել այդ հացադուլը», - ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ պատճառաբանելով. - «Ժողովուրդը վրդովվում է, բայց շատ անգամ հույս չի կապում, որ կկարողանա այս անգամ մի բան անել: Չկա էլ 2007 թիվ. այստեղից պետք է բռնենք ու այս հարցի վրա պետք է խեղդենք: Չխեղդենք՝ իրենք են մեզ խեղդելու»:

Հանրահավաքում հայտարարվեց, որ ժողովրդին բաժանվելու են հատուկ ձեւաթերթեր, որտեղ նրանք պետք է նշեն՝ արդյո՞ք մասնակցել են հանրաքվեին: Այդ ձեւաթերթերը, ինչպես «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց [թեեւ հույս չունեն], բայց հանձնելու են դատարան: Նաեւ խոստացվեց, որ բոլոր կեղծարարների անուններն փակցվելու են ընտրատեղամասերի պատերին, «որպեսզի ժողովուրդը նրանց անունները լավ իմանա»:

«Մենք պիտի լավ ճանաչենք մեր հակառակորդին: Իշխանությունները, տեսնելով Ռոբերտ Քոչարյանի անհեռատեսությունը, չեն հետեւելու այն մարդուն, որը տանում է իրենց անկանխատեսելի գործընթացների: Եվ ես այսօր չեմ բացառում, որ իշխանական բուրգը հենց ինքը ներքին իշխանափոխություն փորձի անել: Մենք դա թույլ չենք տալու», - հայտարարեց Արամ Սարգսյանը՝ շարունակելով. - «Ընդդիմության գործողությունների առաջին փուլն այսօր սկսվել է»:

Ընդդիմության առաջնորդները այսօր Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հանդիպում են ունեցել, որը «կարող է շրջադարձային դառնալ», քանի որ հանդիպման ընթացքում Հայաստանում հավատարմագրված դեսպաններին նաեւ փոխանցվել են ընդդիմության միասնական շտաբի հավաքած՝ ընտրակեղծիքները մատնանշող փաստերը:

«Ընդդիմադիր մի շարք լիդերներ հանդիպեցին եվրոպական 9 դեսպանների հետ», - պատմեց Արամ Սարգսյանը. - «Երբեք իրենց այդքան զայրացած չէի տեսել... Բոլորն էլ ընդունում են, որ ընտրությունները ակնհայտորեն խախտվել են», - հայտարարեց Արամ Սարգսյանը:

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը իր ելույթում ասաց, որ, ի տարբերություն 2003-ի, մեր ընդդիմությունն այսօր միաբան է եւ այս անգամ էլ ժողովրդի կամքն է անհրաժեշտ. - «Նրանց [իշխանություններին] անհրաժեշտ էր 750 հազար: Եթե մի քիչ խոհեմ լինեին, խելացի կեղծեին, կասեին՝ «այո» են ասել 780 հազար: Իրենց լեզվով ասած՝ 810-ն էլ է «դզում», ապե»:

Ընդդիմությունը հայտարարեց, թե պետք չէ հուսահատվել եւ իրենց մեղադրել անգործության մեջ, քանի որ հեղափոխությունը հանգիստ եւ կազմակերպվածություն է նաեւ սիրում. ուստի դադարն այս անգամ երկար տրվեց՝ մինչ հաջորդ ուրբաթ: Սակայն այդ ընթացքում Կինոյի տանը ընդդիմադիրները բաց քացաքացիական ժողովներ կգումարեն:

Հանրահավաքի ավարտին եւ դրանից հետո, ըստ ընդդիմադիր մի շարք կուսակցությունների ղեկավարների, իրենց կուսակիցներից եւ համակիրներից շուրջ 30 մարդ բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG