Մատչելիության հղումներ

Ջավախցիները պնդում են, որ Կարս - Ախալքալակ երկաթուղու ծրագրի իրագործումը սկսվել է


Ջավախքի Ժողովրդավարական կուսակցության խորհրդի անդամ Վահագն Չախալյանը հայտարարել է, որ Կարս - Ախալքալակ երկաթուղու շինարարության ծրագրի իրագործումը փաստորեն սկսված է:

«Ռեգնում» գործակալությանը Չախալյանը հայտնել է, թե ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման ամփոփումից հետո «երկաթուղու ենթադրյալ հատվածներ են այցելել շինարարական տենդերին մասնակցելուն հավակնող ճապոնական մի ընկերության ներկայացուցիչներ եւ Վրաստանի շինարարության նախարարը»:

«Երկաթուղու ճանապարհին ընկած տների բնակիչներին առաջարկվում է վաճառել հողակտորները: Ոմանց արդեն որոշակի գումարներ են խոստացել, լայնածավալ քարոզչական աշխատանք է տարվում: Կայացել են նաեւ այցելուների գաղտնի հանդիպումները տեղական իշխանությունների ղեկավարության հետ», - հայտնել է Վահագն Չախալյանը:

Ջավախքի Ժողովրդավարական կուսակցության խորհրդի անդամը նաեւ նշել է, որ տեղի հայ բնակչությունը կտրականապես դեմ է այս նախագծի իրագործմանը. - «Սա հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ջավախքի շահերին, քանի որ կուժեղացնի թուրքական տարրի մուտքը տարածաշրջան, ինչպես նաեւ կսաստկացնի Հայաստանի շրջափակումը: Մենք մտադիր ենք ակտիվորեն խոչընդոտել այս աշխատանքները՝ հնարավոր բոլոր միջոցներով», - հայտարարել է Վահագն Չախալյանը:

Այս տարվա սկզբին 800 միլիոն դոլար արժողությամբ երկաթուղու կառուցման ծրագիրը նախաձեռնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչին հետեւել էր Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնի պատասխանը՝ թիվ 3361 բանաձեւի տեսքով, որը պահանջում է արգելել Միացյալ Նահանգների ֆինանսական օգնությունը Հայաստանը շրջանցող այս երկաթուղու շինարարությանը: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նաեւ Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցման շուրջ իրենց մտահոգությունն էին հայտնել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին ուղղված նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG