Մատչելիության հղումներ

Հայաստանի դիտորդները Ղազախստանում կհետեւեն նախագահական ընտրությունների ընթացքին


Դեկտեմբերի 4-ին Ղազախստանում անցկացվելիք նախագահական ընտրություններին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակներում կմասնակցեն նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Դանիելյանը:

Բացի երկու պատգամավորներից, Ղազախստան կմեկնի նաեւ ԱՊՀ վեհաժողովում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆելիքս Ղուշչյանը, ինչպես նաեւ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Գասպարյանը եւ արտաքին կապերի բաժնի աշխատակից Ատոմ Մխիթարյանը:

Ղազախստանի նախագահական ընտրություններում, ըստ փորձագետների կանխատեսումների, հաղթանակ է տոնելու գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Արեւմտյան մեկնաբանների համոզմամբ, Ղազախստանում ազատ եւ արդար ընտրությունների ականատես դառնալու հավանականությունը ավելի մեծ չէ, քան Ադրբեջանում էր, եւ ոչ էլ ընդդիմությունը կկարողանա բողոքի ալիքին հաղորդել այն թափը, որը Ուկրաինայում, Վրաստանում եւ Ղազախստանում հանգեցրեց ժողովրդավարական հեղափոխությունների:

Արեւմտյան դիտորդները, հավանաբար, խիստ քննադատական գնահատականներ կհրապակեն եւ կպահանջեն ապագայում հավատարիմ լիներ ժողովրդավարական չափանիշներին:

Այս զուգահեռների հետ մեկտեղ, ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Ղազախստանի դեպքում, ընդդիմության հիմնական արգելքն այն է, որ երրորդ՝ 7-ամյա նախագահական ժամկետի հավակնություններ ունեցող Նազարբաեւը աշխարհին ներկայացնում է իր գործունեության շոշափելի եւ լուրջ արդյունքները:

Անշուշտ, կարելի է ասել, որ Նազարբաեւի բախտը բերել է. Ղազախստանը ունի նավթի եւ գազի այնպիսի պաշարներ, որոնք խիստ հրապուրիչ են Արեւմուտքի համար: Ավելին, Ղազախստանում իրականացված տնտեսական բարեփոխումները, ըստ փորձագետների, ամենահաջողվածն են ետխորհրդային տարածքում: Մեւնույն ժամանակ, փաստ է, որ Ղազախստանում իրական ժողովրդավարության նշույլ անգամ չկա՝ անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում ընդդիմությանը հաջողվեց ստանալ ընդամենը 1 մանդատ:

Մեկնաբանները չեն կասկածում, որ նախագահական ընտրություններում հաղթելու է Նուրսուլթան Նազարբաեւը, եւ այս ընտրապայքարում նույնպես ընդդիմության դեմ ամբողջ հզորությամբ գործելու է պետական մեքենան: Կարծիք կա, որ Նազարբաեւը անգամ մտավախություն ունի, թե չինովնիկները իրենց հավատարմությունը ապացուցելու համար չափը կանցնեն եւ կապահովեն, ասենք, 96-տոկոսանոց արդյունք:

Քաղաքական մեկնաբան Էրլին Քարինի կարծիքով, Նազարբաեւը՝ իբրեւ խելացի մարդ, պետք է հասկանա, որ «սեփական լեգիտիմությունը պաշտպանելու ուղին ժողովրդավարության տարածումն է»: Այս առումով, Նազարբաեւի նախագահության հաջորդ 7-ամյակը մեկնաբանները ու ընդդիմությունը դիտարկում են որպես կարեւոր պատմական եւ անցումային փուլ՝ դեպի ետնազարբաեւյան դարաշրջան:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG