Մատչելիության հղումներ

logo-print

«Օդանավակայանում սայլակով հաշմանդամն իրեն զգում է ուղեբեռի դերում»


«Ունիսոն»-ը մոնիթորինգ է անցկացրել՝ պարզելու համար, թե մեր մայրաքաղաքի հանրային նշանակության կառույցները որքանով են մատչելի հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Հետազոտության հեղինակ՝ սոցիոլոգ Տաթեւիկ Մարգարյանի խոսքով՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շինություններից ոչ մեկը լիարժեք մատչելի չէ սայլակով տեղաշարժվող մարդու համար:

Այսօր սայլակով տեղաշարժվող մարդը քաղաքապետարան մտնելու համար պետք է օգտվի ոչ թե կենտրոնական, այլ բեռների համար նախատեսված մուտքից, ինչը, ըստ Արմեն Ալավերդյանի, անընդունելի փաստ է եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում:

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության եւ քաղաքաշինության մասին օրենքների համաձայն, սոցիալական ենթակառուցվածքի բոլոր շինությունները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամների եւ սակավաշարժ անձանց համար: Սակայն իրավաբան Մարատ Ատովմյանի խոսքով՝ այդ օրենքներում նշված չեն մատչելիությանը հասնելու մեխանիզմներն ու ուղիները:

«Ունիսոն»-ը, ըստ Ատոմվյանի, նոր օրինագիծ է մշակել. - «Նախագծի ընդունումը կլուծի հաշմանդամների խնդիրները եւ հետագայում էլ կարիք չի լինի գրավոր դիմում - նամակներ ուղարկել՝ արդյունքում ունենալով սխալ կառուցված թեքահարթակներ»:

Հինգշաբթի օրը «Անարգել միջավայր բոլորի համար» խորագրով կոնֆերանսի ընթացքում մշակվում էր նախագծի բարեփոխված տարբերակը, որը կառավարության եւ Ազգային ժողովի դատին կներկայացվի գարնանը:

Իսկ մինչ այդ սայլակով տեղաշարժվող եւ սակավաշարժ մարդիկ կարող են օգտվել «Երեւան՝ քաղաք բոլորի համար» քարտեզ-ուղեցույցից, որտեղ 4 գույնով նշված է մայրաքաղաքի հիմնական հաստատությունների մատչելիությունը հաշմանդամների համար:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG